24/02/2022 13:28
Ընդդիմադիրների դեմ հարուցված քրգործերը խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված. Freedom House
Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին, այս մասին նշված է «Freedom House»-ի հրապարակած տարեկան զեկույցում։
«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։
Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը»` Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։
Վրաստանը, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքն ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։
Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին, 2022 թվակաին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։
«Ադրբեջանն աշխարհի 16 ամենից ոչ ազատ պետությունների թվում է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում արձանագրած իր վատ ցուցանիշներով զիջելով միայն Չինաստանին, Լիբիային, Մյանմային (նախկին Բիրմա) և Եմենին», - նշել են Freedom House-ի փորձագետները։
Թուրքիան նույնպես դասվել է ոչ ազատ պետությունների թվին։