24/02/2022 19:37
Արևմուտքը պետք է քաղաքականապես ու տնտեսապես մեկուսացնի Պուտինին․ Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հղած իր ուղերձում ընդգծել է, որ Արևմուտքը «պետք է հասնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ու տնտեսական մեկուսացմանը»՝ Ուկրաինայում «Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելու» պատճառով։
Բորիս Ջոնսոնն իր գերմանացի գործընկերոջն զգուշացրել է, որ արևմտյան երկրների կոշտ արձագանքի բացակայությունը կամ նրանց անգործությունը մեծ հետևանքների կհանգեցնի։
«Վարչապետը (Մեծ Բրիտանիայի-խմբ․) հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինը պետք է պարտության մատնվի, իսկ դրա համար Արևմուտքը նրան պետք է մեկուսացնի ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես։ Վարչապետը ողջունել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության դադարեցման մասին Գերմանիայի որոշումը, բայց նշել է նաև, որ դաշնակիցներն այժմ պետք է համակարգված ջանքեր գործադրեն՝ Պուտինի ռեժիմի համար առավելագույնս ծանր պատժամիջոցներ կիրառելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ արևմտյան երկրների անգործությունը կամ ոչ այնքան ակտիվ գործողությունները մեծ հետևանքներ կունենան»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրությունում։