24/02/2022 17:51
Թուրքիան չի հանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա. քաղաքագետ
Ուկրաինան, օգնության համար դիմելով Թուրքիային, հօդս է ցնդեցնում այն սին կարծիքը, ռուս-թուրքական այն թվացյալ մերձեցումը, որը վերջին տարիներին փորձ է արվում հրամցնել միջազգային հանրությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Թուրքիայից օգնություն խնդրելը բացում է բոլոր խաղաքարտերը։ Ինչպես ասում են՝ լավ օրից չէ, որ Ուկրաինան «տակից» իր հետ եղբայրություն անող Թուրքիային այժմ դիմում է բացահայտ։ Սակայն չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան ուղղակիորեն բախվի կամ պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա։
Սա այն դեպքը չէ, երբ Թուրքիան 44-օրյա պատերազում ամբողջապես աջակցեց Ադրբեջանին՝ հանդես գալով Հայաստանի դեմ։ Չեմ կարծում, որ Թուրքիան այժմ կհանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, որովհետև, ի տարբերություն ԵՄ երկրրների և ԱՄՆ-ի, առավել քան կորցնելու բաներ ունի, և շատ լավ գիտակցում է դա»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիայի տնտեսությունը զգալի անկում ապրեց, ազգային արժույթը բավական արժեզրկվեց։
Արթուր Ղազարյանը նկատեց, որ Ուկրաինայի՝ Թուրքիայից օգնություն խնդրելու փաստը կապանքների մեջ է դրել նաև Ադրբեջանին։
«Ալիևը մեկնում է Մոսկվա, ՌԴ-ի հետ մի քանի կետանոց լուրջ հռչակագիր ստորագրում, մինչդեռ, Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինան նրա ավագ եղբորից՝ Թուրքիայից օգնություն է խնդրում։ Սա նշանակում է, որ անելանելի վիճակ է առաջանում. նույն Ալիևն այս պարագայում ընկնում է երկվության մեջ. մի կողմից իր եղբայր Թուրքիան արդեն խնդիր ունի, մյուս կողմից ինքը պաշտոնական Մոսկվայի հետ նոր որակի հարաբերություններ է սկսում։ Այս պարագայում, փաստորեն, ալիևյան քաղաքականության այս երկու գծում բախում է տեղի ունենում»,- ասաց քաղաքագետը։