24/02/2022 19:00
Ռուսաստանը Թուրքիայի համար ոչ Արցախ է, ոչ էլ Հայաստան. Հակոբ Չաքրյան
Ռուսաստանը Թուրքիայի համար ոչ Արցախ է, ոչ էլ Հայաստան, և այդ երկիրը հանդգնություն չի ունենա Ուկրաինայի պատճառով բացահայտ գործողությունների դիմել Ռուսաստանի դեմ՝ որքան էլ Ուկրաինայի նախագահը օգնության խնդրանքով դիմած լինի իրեն։ Բացի հանդգնության գործոնը՝ Թուրքիային կաշկանդում է նաև ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը. կառույցի անդամ երկրներից որևէ մեկը չի կարող միայնակ ռազմական գործողություններ սկսել երրորդ երկրի դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ռուս-թուրքական հնարավոր սրացման թեմային։
Նա միաժամանակ շեշտեց՝ Ռուսաստանը ևս չի համարձակվի Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, քանի որ վերջինս, ի վերջո, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ երկրներից որևէ մեկն արտաքին ուժերի կողմից հարձակման է ենթարկվում, ապա ամբողջ կառույցը պետք է վերջինիս պաշտպանի։
«Հիմա Թուրքիայում մտածում են, որ Էրդողանը սանձարձակություն չդրսևորի և ավելորդ հայտարարություններ չհնչեցնի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հասցեին, որովհետև այդ դեպքում լրիվ կմեկուսանա։ Թուրքիայի վերլուծական շրջանակները գտնում են, որ Էրդողանը պետք է հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերի։ Բայց դա դժվար է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները դատապարտում են Ռուսաստանին, և Թուրքիան ևս պետք է դատապարտի»,- նշեց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանը հիշեցրեց՝ մինչև կորոնավիրուսի համավարակը՝ Թուրքիա տարեկան 6 միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելել, Թուրքիան Ռուսաստանից է ձեռք բերում անհրաժեշտ գազի ծավալների 33, նավթի՝ 75 տոկոսը, բացի այդ՝ հայ-թուրքական սահմանից ոչ հեռու ռուս-թուրքական համատեղ շահագործման ատոմակայան է կառուցվում։
«Թուրքիան չի կարող միանգամից հրաժարվել այս ամենից»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Հակոբ Չաքրյանը հիշեցրեց՝ թեև Ղրիմի հարցում Թուրքիան Ուկրաինային է պաշտպանում, սակայն մյուս կողմից չի հրաժարվում նույն Ղրիմի նկատմամբ հավակնություններից։
«Ճիշտ է, Էրդողանը չի ասում, որ Ղրիմն իրենցն է, բայց Թուրքիայում միշտ հիշեցնում են, որ այն Օսմանյան կայսրության մաս է կազմել։ Սա կոչվում է թուրքական հավակնություն, ուկրաինացիներն էլ, հավանաբար, այս ամենը հասկանում են»,- ամոփեց մեր զրուցակիցը։