24/02/2022 13:53
Դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն՝ պատերազմը լուծում չէ. ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ
Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, արդարացում չունի, Երևանում լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը։
«Ուկրաինայում պատերազմը փոխում է Եվրոպայի անվտանգությունը, համաշխարհային անվտանգության իրավիճակը։ Ես հպարտ եմ լինել Եվրամիության, ես հպարտ եմ լինել ՆԱՏՕ-ի անդամ, կառույցներ, որոնք դատապարտում են պատերազմն ու ագրեսիան։ Մենք պետք է արձագանքենք», - ասաց նա։
Կալյուրանդն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատերազմական իրավիճակում էր ու հայ ժողովուրդն ամենալավն է հասկանում, որ պատերազմը երբեք լուծում չէ։
«Ես դիմում եմ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն, որ պատերազմը լուծում չէ, այս ամենը ես կրկնել եմ նաև, երբ պատերազմ էր Լեռնային Ղարաբաղում», - հայտարարեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը։
Նա ասաց, թե Հայաստանի կառավարության որոշումն է՝ կճանաչի՞ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։
«Միայն կարող եմ կոչ անել աջակցել Ուկրաինային, կանգնել Ուկրաինայի կողքին», - հավելեց Մարինա Կալյուրանդը։