24/02/2022 09:47
«Փաստ». Ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել
«Փաստ» թերթը գրում է. «Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է:
Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք»։