24/02/2022 10:46
Փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և Հայաստանի ուղղությամբ բացառելի չեն. զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա. պատգամավոր
Հայաստանում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով, որքան հասկանում եմ, միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։
Նա նշել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը։
«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան՝ փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ բացառելի չեն։
Այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ, կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։
Ի դեպ, այս վտանգը կա նաև այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ակտիվ ազդեցության պայքարի մեջ է Թուրքիայի կամ այլ դերակատարների հետ։
Այնպես որ՝ ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա և սա, առաջին հերթին, վերաբերվում է հատկապես ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին», - ընդգծել է Աբրահամյանը։