24/02/2022 19:16
«Շատ լավ աշխատանքներ կան․ դրանք պետք է համապատասխանեն մեր եկեղեցու կանոններին»․ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը ուսումնասիրում է ներկայացվող նախագծերը (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը ակտիվ ու ծանրաբեռնված աշխատանքային փուլում է։ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության մասին հայտարարվելուց հետո 200-ից ավելի գործ, նախագիծ է ներկայացվել Հայաստանից ու արտասահմանից։
Նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների ստեղծագործություններն ու առաջարկները ուսումնասիրելուց հետո, 10 օր անց, մրցութային հանձնախումբը պետք է հայտնի հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները։
«Շատ լավ աշխատանքներ կան, բայց դրանք պետք է համապատասխանեն մեր երկրի, մեր եկեղեցու և մեր հանրության կանոններին»,- նշում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ Գաբրիել Չեմբերջյանը։
Հանձնաժողովի դատին ներկայացված աշխատանքները բազմազան են բովանդակությամբ, ոճով, խորհրդով։ Այս անգամ հանձնախմբին իրենց ստեղծագործություններն են ներկայացրել նկարիչ- քանդակագործներ Սամվել Պետրոսյանը, Գերասիմ Շահվերդյանը, Արամ Ղամբարյանը։
Հանձնախմբի անդամներն ամեն աշխատանք ուսումնասիրում են բծախնդրությամբ, հեղինակներից հետաքրքրվում՝ ինչ խորհուրդ կա նրանց կերտած քանդակի մեջ, հայտնում են հատուկ կարծիք։
Այսօրվա քննարկմանը տեսակապով Արցախից միացել է նաև մրցութային հանձնախմբի անդամ, Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։ Նա նույնպես իր կարծիքն է հայտնել ներկայացված աշխատանքների վերաբերյալ։
Նկարիչներն ու քանդակագործները նշում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարած նախաձեռնությանը ոգևորությամբ են միացել, քանի որ գտնում են՝ առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում կարևոր է Փրկչի արձանն ունենալը։
Քաղաքացիները նույնպես կարող են իրենց հարցերն ու առաջարկներն ուղղել մրցութային հանձնախմբին, հանդես գալ նոր գաղափարներով։ Դրանք ներկայացնել հնարավոր է՝ զանգահարելով 010 52 02 81, 044 48 43 48, 096 02 01 81 հեռախոսահամարներով։