24/02/2022 15:44
Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը:
«Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ», - ասել է Վահագն Մաթևոսյանը:
Նա տեղեկացրել է, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում:
«Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան», - ասել է Վահագն Մաթևոսյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: