25/02/2022 19:30
Ինչպես ճիշտ կրել լինզաներ. Խորհուրդներ ակնաբույժից
Ակնաբույժ Նարինե Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է, որ կոնտակտային ոսպնյակների կրումը հակացուցված է որոշ դեպքերում։
Մասնավորապես, դա հակացուցված է, եթե ախտորոշվել է.
Աչքի առաջնային հատվածի բորբոքում
Ոսպնյակի տեղաշարժում
Շլություն, որի անկյունը 15 աստիճանից ավելի է
Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն
Քրոնիկ շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ)
Քրոնիկ ալերգիա, սեզոնային ալերգիա
Ինչով է վտանգավոր կոնտակտային լինզաների նախատեսվածից երկար կրումը
Շատերը ուշադրություն չեն դարձնում լինզայի կրման ժամկետներին։ Խիստ կարևոր է ամրագրել, թե երբ եք դրել լինզան և երբ պետք է փոխարինել նորով։ Ժամկետներին չհետևելը աչքերում կարող է ոչ միայն անհարմարություն և անհանգստություն առաջացնել, այլ նաև հանգեցնել տեսողության վատթարացման, աչքի վարակման, բորբոքման։
Նույնիսկ ժամկետին հետևելու, ճիշտ խնամքի դեպքում ժամանակի ընթացքում լինզայի «դիմադրությունը» նստվածքների հանդեպ նվազում է, նրանցում կուտակվում են արցունքի տարբեր բաղադրիչներ, ոսպնյակները զգայուն են դառնում արտաքին միջավայրի հանդեպ, կեղտոտվում են։
Աղտոտված լինզաները պարարտ միջավայր են բակտերիաների, վտանգավոր միկրոօրգանիզմների արագ բազմացման համար։ Կեղտոտված լինզաները խոչընդոտում են թթվածնի հասանելիությունը եղջերաթաղանթին։ Սրանք կարող են հանգեցնել աչքի ինֆեկցիաների (կերատիտ, կոնյուկտիվիտ)։
Լինզաների ոչ լավ լվանալու, ալերգիայի առաջացման, մերժման ռեակցիաների հետևանքով լինզան դառնում է աչքի հյուսվածքի հետ անհամատեղելի, անհարմարության զգացման պատճառով կարող է թուլանալ տեսողությունը։
Ոսպնյակների նախատեսվածից երկար կրելու դեպքում առաջանում է պապիլյար կոնյուկտիվիտ, որը դրսևորվում է՝
- Լորձային արտադրությամբ, որի պատճառով կոպերը կպչում են իրար
- Կոպերի լեցունության զգացողությամբ
- Օտար մարմնի զգացողությամբ
Լինզաների անդադար կրելը, քնելիս չհանելը հանգեցնում են լինզաների աղտոտման, աչքի չորության, կոպերի տակ այրոցի, քորի, լինզայի դիրքի տեղաշարժման զգացման։
Որևէ դեպքում չի կարելի մեկանգամյա օգտագործման լինզան կրել բազմակի։
Լինզաների ճիշտ խնամքը մշտապես կապահովի սուր տեսողություն, առողջ աչքեր։
Ակնաբույժն ասում է՝ ընդունելի են մեկամսյա թույլատրելիություն ունեցող ոսպնյակները։
Ինչպես մաքրել լինզան
Մասնագետը խորհուրդ է տալիս ամեն օգտագործելուց հետո լինզան մաքրել հատուկ ախտահանիչ հեղուկով։
Լինզան դնել մաքուր, չոր ափի մեջ, ապա մի քանի կաթիլ ախտահանիչ նյութ լցնել և նուրբ տրորել լինզայի մակերեսը, ապա ողողել։ Շրջել լինզան և նույնը կրկնել մյուս երեսի համար։ Ապա լինզան դնել հեղուկով լվցած լինզայի համար նախատեսված տարայի մեջ։
Որքան հաճախ փոխել լինզայի տարայի հեղուկը, եթե ամեն օր չեք կրում լինզա, տեղեկությունը կարող եք գտնել տվյալ ապրանքանիշի հեղուկի օգտագործման ցուցումներում։
Չի կարելի
Չի կարելի լինզան լվանալ, պահել այլ, չնախատեսված հեղուկի, ջրի մեջ
Չի կարելի լինզան տալ մեկ ուրիշի
Չի կարելի ոսպնյակին կպչել կեղտոտ ձեռքերով
Չի կարելի շփոթել ձախն ու աջը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։