25/02/2022 19:00
Կանա՞յք են ավելի լավ ավտոմեքենա վարում, թե՞ տղամարդիկ․ որո՞նք են հիմնական տարբերությունները
Տարածված կարծիք կա, որ տղամարդիկ ավելի լավ են ավտոմեքենա վարում, քան կանայք։ Իրականում ավտոմեքենա վարելու հմտությունները, որքան էլ դա տարօրինակ հնչի, պայմանավորված են մի շարք ֆիզիոլոգիական ու հոգեբանական գործոններով։ Բացի այդ, գոյություն ունի վիճակագրություն։ Մի շարք երկրներում անցկացված ուսումնասիրությունների միջինացված տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարների հիմնական մեղավորները տղամարդ վարորդներն են լինում։ Նրանց «բաժին է ընկնում» ավտոպատահարների մեղքի 70 տոկոսից ավելին, իսկ կանանց մեղքի «բաժինը» 30 տոկոսի էլ չի հասնում։
Պատկերը գրեթե նույնն է հետիոտնի մեղքով դժբախտ պատահարների դեպքում․ տղամարդ վարորդների մասնակցությամբ նման դեպքերը 66-67 տոկոսի են հասնում, կանանց մասնակցությամբ դեպքերը՝ 31-32 տոկոսի։
Վիճակագրական ընդհանրացված տվյալներով՝ յուրաքանչյուր կին վարորդ վթարի է ենթարկվում՝ անցնելով 6,7 միլիոն կիլոմետր, յուրաքանչյուր տղամարդ վարորդ՝ 4,7 միլիոն կիլոմետր, ինչը նշանակում է, որ տղամարդկանց մեղքով դժբախտ պատահարները 1,5 անգամ ավելի շատ են լինում։ Սրա պատճառն այն է, որ թեպետ նրանք ավելի հմուտ վարորդներ են, սակայն ավելի հաճախ են գերազանցում արագությունը, քան կանայք։
Գիտնականները նույնպես ուսումնասիրություններ են անում այս թեմայով ու փորձում հիմնավորել՝ ինչու է կանանց ու տղամարդկանց վարքագիծը տարբերվում՝ ավտոմեքենա վարելիս։ Բանն այն է, որ կանանց ու տղամարդկանց ուղեղը ինֆորմացիան տարբեր կերպ է ընկալում ու մշակում, ինչն էլ տարբերվող վարքագծի հիմնական պատճառներից է։
Կանանց օրգանիզմում էստրոգեն հորմոններն ավելի շատ են, ինչի շնորհիվ ուղեղի կիսագնդերն ավելի լավ են կատարում իրենց ֆունկցիաները։ Կանանց մոտ տարածական հիշողությունն ավելի զարգացած է, նրանք ավելի ուշադիր են ու կենտրոնացած՝ երթևեկելիս։ Բացի այդ, կանայք ավելի դանդաղ են ավտոմեքենա վարում, ավելի զգույշ են ու, որպես կանոն, հետևում են ճանապարհային երթևեկության կանոններին։
Տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոն հորմոններն ավելի շատ են, դրանք հաճախ թելադրում են տղամարդկանց վարքագիծը, դրդում ապացուցել իրենց գերակայությունը, լիդերությունը։ Այդ պատճառով է, որ տղամարդիկ ավելի արագ են մեքենա վարում, հաճախ են գերազանցում արագությունը։ Բացի այդ, եթե տղամարդիկ ագրեսիան շատ հաճախ արտահայտում են գործողություններով, ապա կանայք այն արտահայտում են խոսքով՝ բառերով։ Վարվելակերպի այս տարբերություններով է պայմանավորված նաև կանանց ու տղամարդկանց ավտոմեքենա վարելու ոճը։
Մեկ այլ գործոն էլ կա․ կանայք, որպես կանոն, սուր զգացողությունների շատ մեծ սիրահարներ չեն, այդ պատճառով ավտոմեքենա վարելիս ռիսկային քայլերի քիչ են դիմում։
Սակայն հատկապես կին վարորդները պետք է հիշեն՝ ավտոմեքենա վարելիս պետք է զերծ մնալ ալկոհոլից, չօգտագործել՝ նույնիսկ քիչ քանակությամբ։ Բանն այն է, որ կնոջ օրգանիզմն ավելի քիչ ֆերմենտներ՝ էնզիմներ է արտադրում, որոնք քայքայում են ստամոքսում ալկոհոլի մոլեկուլները։ Այդ պատճառով է, որ կանայք ավելի շուտ են հարբում, քան տղամարդիկ, ալկոհոլը նրանց վրա շատ ավելի շուտ ու շատ է ազդում։
Մեկ այլ գործոն էլ տղամարդկանց օգտին է։ Նրանք կանանցից ավելի լավ են տիրապետում ավտոմեքենա վարելու տեխնիկային։
Բայց կա մի բան, որը պետք է գիտակցեն բոլոր վարորդները՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ․ անվտանգ երթևեկելու, սեփական կյանքն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորներին չվտանգելու գլխավոր նախապայմանը միայն վարորդական ու տեխնիկական հմտությունները չեն։ Ղեկը ձեռքը պետք է վերցնել միայն սթափ վիճակում, պետք է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, հարգել երթևեկության մյուս մասնակիցներին և հետիոտներին, չդիմել անհարկի արկածախնդրության։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։