25/02/2022 18:30
Նորածինների խնամքի հետ կապված մի քանի «Չի կարելի»-ներ. մանկաբույժը հորդորը՝ խստորեն հետևել դրանց
Aysor.am-ի թղթակիցն այս անգամ մանկաբույժ Աննա Մխիթարյանի հետ զրուցել է նորածինների ոչ ճիշտ խնամքին առնչվող մի քանի «Չի կարելի»-ների մասին, որոնք երիտասարդ մայրիկները հաճախ թույլ են տալիս ավագ սերնդի ներկայացուցիչների խորհրդով, շատ դեպքերում անգամ՝ նրանց ճնշումների տակ։
«Չի կարելի» N 1՝ Նորածիններին ոչ մի դեպքում չի կարելի բարուրել
Ըստ մանկաբույժի՝ այս խնդիրը հայկական շատ ընտանիքներում դեռևս արդիական է մնում, քանի որ սկեսուրները նորաթուխ մայրիկներին ստիպում են բարուրել փոքրիկներին։
«Բարուրելու սովորությունը վաղուց դուրս է եկել մանկաբուժությունից, և բազմիցս ապացուցվել է, որ խիստ վնասակար է երեխաների համար։ Նորածիններին չի կարելի բարուրել նախ հենաշարժողական խնդիրներից խուսափելու համար։ Բարուրած երեխայի շարժումները գրեթե ամբողջությամբ սահմանափակվում են, մինչդեռ ձեռքերն ու ոտքերն ազատորեն շարժելը խիստ կարևոր է հոդերի զարգացման տեսանկյունից։
Շատ ձիգ բարուրելն ընդհուպ կարող է հոդախախտի պատճառ դառնալ կամ թույլ չտալ, որ երեխան կարողանա հարմար կուրծք բռնել։ Սա իր հերթին բազմաթիվ խնդիրների է բերում՝ հաճախ կրծքով սնուցման անհնարինության, և մայրիկները ստիպված են լինում ի վերջո արհեստական կաթնախառնուրդ տալ նորածնին»,- ասաց Աննա Մխիթարյանը՝ շեշտելով, որ ձիգ բարուրելը խաթարում է նաև արյան շրջանառությունը ևհանգեցնում գերտաքացման։
Ինչ վերաբերում է ավագ սերնդի կանանց պնդումներին, որ նորածիններին բարուրելը նպաստում է ոտքերի ծռության վերացմանը, ապա մանկաբույժը սա միֆ որակեց՝ խնդիրն առավելապես կապելով D վիտամինի հնարավոր պակասի հետ։
«Չի կարելի» N 2՝ Նորածիններին չի կարելի օրորել
Աննա Մխիթարյանը խորհուրդ տվեց անհրաժեշտության դեպքում երեխային թեթևակի ճոճել՝ այդ թվում նաև՝ գրկում, բայց ոչ մի դեպքում ծածկոցի մեջ չդնել և ագրեսիվ կերպով երկու հոգով չօրորել։
«Նորածինների մոտ հավասարակշռության համակարգը դեռ զարգացած չէ, և շատ ուժեղ ճոճքը կարող է մինչև անգամ ուշագնացության բերել։ Ծնողին կարող է թվալ, որ երեխան քնած է, մինչդեռ նրա մոտ ուշագնացություն լինի։
Մյուս վտանգն այն է, որ փոքրիկների մոտ գաղտունը դեռևս ամբողջությամբ փակ չէ, և ուժեղ օրորելու պատճառով կարող է ուղեղի ցնցում լինել։ Այնպես որ, ուժեղ օրորելը պետք է բացառել», - ասաց բժշկուհին։
«Չի կարելի» N 3՝ Նորածիններին չի կարելի քաղցրաջուր տալ
Նորածիններին, ըստ մանկաբույժի, չի կարելի անգամ սովորական ջուր տալ, ուր մնաց՝ քաղցրաջուր։ Քաղցրաջուր ստանալով՝ երեխան կշտանում է և լցված ստամոքսով նա այլևս չի ցանկանում կուրծք ուտել։ Բացի այդ՝ մանկահասակ երեխաներին շաքար տալը կտրականապես արգելվում է, այլապես ատամների ծկթման շրջանում հնարավոր է բախվել կարիեսի նկատմամբ հակման։
Սահմանափակումները վերաբերում են նաև կերակրի աղին, որը մանկական սննդի մեջ պետք է բացառել առնվազն մինչև մեկ տարեկան հասակը։ Հակառակ դեպքում փոքրիկի երիկամները կծանրաբեռնվեն, և արտազատման հետ կապված խնդիրներ կառաջանան։
«Չի կարելի» N 4՝ Նորածիններին չի կարելի կովի կամ այծի կաթ տալ
«Կենդանական ծագման կաթն իր մեջ հատուկ սպիտակուց՝ կազեին է պարունակում, որը բավական դժվարամարս է, բացի այդ՝ նաև ուժեղ ալերգեն։ Որքան էլ մեծերն ասեն, որ ժամանակին իրենց երեխաներին կովի կաթով են մեծացրել, ոչ մի դեպքում չի կարելի նորածիներին կովի կաթ տալ։ Այն ժամանակ էլ բալիկների մոտ խնդիրներ առաջացել են, բայց նախկինում նորածիններն ավելի առողջ են եղել, բացի այդ՝ դիագնոստիկ սարքեր չեն եղել՝ հնարավոր խնդիրներն ի հայտ բերելու համար։
Նորածիններին կենդանական ծագման կաթ տալը կարող է հանգեցնել անեմիայի՝ սակավարյունության, ինչպես նաև ներքին օրգանների արյունահոսության։ Կովի և այծի կաթերն իրենց մեջ նաև ծանր հանքանյութեր և ածխաջուր են պարունակում, փոխարենը չեն պարունակում կաթնաթթուներ, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի զարգացման համար»,- ասաց մանկաբույժը։
«Չի կարելի» N 5՝ Նորածիններին չի կարելի մեղր տալ
Մեղրը ևս ուժեղ ալերգեն է և բոտուլիզմի առաջացման ռիսկ է պարունակում։
«Մինչև 1 տարեկան երեխայի սննդակարգում մեղրը պետք է բացառել»,- ասաց Աննա Մխիթարյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։