25/02/2022 20:48
Արցախը 4 անգամ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, բայց ուժն է ծնում իրավունք․ մեր՝ ավելի ժողովրդավար լինելը մեզ չօգնեց, որ աշխարհը մեր կողքին կանգնի․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների մասին «Freedom House» միջազգա զեկույցին։
« «Freedom House»-ն անդրազգային, միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հետևում է աշխարհում ազատության ու ազատության սահմանափակումների խնդիրներին:
Կազմակերպությունը, սակայն, միշտ ունեցել է և ունի շատ խիստ քաղաքական ուղղորդվածություն, ակնհայտորեն սպասարկում է ամերիկյան հստակ քաղաքական գիծ, բայց անգամ այս պարագայում զեկույցի հեղինակները մի շարք մտահոգիչ հանգամանքներ են փաստել՝ Հայաստանի հետ կապված:
«Freedom House»-ի զեկույցում Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր:
Այսինքն՝ երբ այս իշխանություններն ամենուր իրենց ներկայացնում են որպես ազատության բաստիոն, ակնհայտ կեղծ է և «լոլոները», որ Նիկոլը մեզ ազատություն է բերել ու ազատություն է քարոզում, կատարյալ սուտ են:
Ե՛վ Սերժ Սարգսյանի օրոք էր Հայաստանը դասվում «մասնակի ազատ» երկրների շարքին, և՛ այս իշխանությունների օրոք:
Ժողովրդավարության տեսակետից անգամ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ակնհայտ սեր ու համակրանք ունեցող շրջանակներն ամեն ինչ չէ, որ կարողանում են կամ ուզում են նկարել: Նիկոլի օրոք տրված Հայաստանի գնահատականի թիվը չի բարձրացրել:
Իհարկե, եթե զեկույցն առավել ազնիվ ու անկեղծ լիներ, բնականաբար, կներառեր ավելի լուրջ և աղաղակող ահազանգեր:
Եթե Հայաստանը դեմոկրատիայի «փարոս» է, ապա Մոզամբիկը ժողովրդավարության բաստիոն է, երբևէ լսե՞լ եք, որ եվրոպական բարձրաստիճան որևէ պաշտոնյա ասի՝ Մոզամբիկը ժողովրդարվարության «աստղ» է:
Չե՛ք լսել, չեք էլ լսի:
Մայր զեկուցի մեջ Հայաստանին վերաբերող հատվածները հետևյալն են՝
Վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական համակարգը, թվում է, ինչ-որ մի չափի կայունացել է:
Այսինքն՝ անգամ Նիկոլին սիրող այս կառույցը շեշտում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն լուծել քաղաքական ճգնաժամը երկրում:
Չնայած Փաշինյանը խոստացել էր տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, երկու հարուստ գործարար նրա ընտրական ցուցակով մտել են խորհրդարան:
Չնայած հանգամանքին, որ Նիկոլը փորձեց անցյալ տարվա Գենշտաբի հայտնի հայտարարությունը մատուցել որպես ռազմական հեղաշրջման փորձ, կազմակերպությունը շեշտում է, որ դա ռազմական հեղաշրջման փորձ չէր:
Չնայած որոշակի առաջընթացին, որն իբրև թե անում է այս իշխանությունը՝ շեշտվում է, որ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ լուրջ բացթողումներ են մնում: Երկրում կա կոռուպցիա, պահպանվել են քննադատելի կապերը քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, բիզնեսմենների շրջանակի հետ:
Իր հերթին GRECO-ն (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն կառույց) անցյալ տարի արձանագրել էր, որ Հայաստանի կառավարությունը չի համապատասխանում գլոբալ կոռուպցիայի կանխարգելման ստանդարտներին:
Խոսքի ազատության բլոկում արձանագրվում է, որ մի քանի նոր սահմանափակումներ են սահմանվել լրագրողական ազատության դեմ, այդ թվում՝ խորհրդարանում նրանց ազատ տեղաշարժվելու սահմանափակում, ինչպես նաև որոշակի սահմանափակումներ Սյունիքի մարզում աշխատելու հետ կապված:
Նշվում է, որ ավելացել է բռնությունը լրագրողների նկատմամբ: Նաև արձանագրվում է, որ 2 տասնայակից ավել լրագրողների նկատմամբ 2 տասնյակից ավել բռնության դեպքեր են գրանցվել:
Խոսքի ազատությանը վերաբերող հատվածում նշվում է, որ կառավարությունը քրեականացրել է զրպարտությունը, արդյունքում այդ հոդվածով առնվազն 9 քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ դա մտահոգություններ է առաջացնում քաղաքացիների՝ խոսքի ազատության իրենց իրավունքը լիարժեք իրացնելու հետ կապված:
Հաջորդ բլոկն ակադեմիական ազատություններն են, շատ պարզ գրվել է զեկույցում, որ 2021-ի մարտին ընդունվեց որոշում, ըստ որի 3 պետական ամենախոշոր ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում իշխանությունն իրավունք ստացավ «ուղիղ մարդ նշանակելու», որպեսզի ռեկտորների ընտրման հարցում ունենա որոշիչ ազդեցություն:
Հավաստիացնում եմ, որ Հայաստանում ԲՈՒՀ-երը երբեք այսքան կախված չեն եղել իշխանություններից, որքան այս իշխանության օրոք:
Հաջորդ բլոկը դատարաններն են, արձանագրվում է, որ դատավորների վրա կան ճնշումներ՝ մարդկանց ազատությունից զրկելու համար և ազատությունից զրկելը դարձել է պատժի միջոց:
Ամերիկյան այս կառույցն արձանագրում է, որ ՀՀԿ ի ղեկավարության և դաշնակիցների նկատմամբ հակակոռուպցիոն գործերի ծավալներն առաջացրել են մեծ կասկածներ, որ երկրի իրավական և դատական համակարգերը կարողանում են արդար իրականացնել օրենքի կիրառումը:
Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանական ուժերը «2020թ․ վերջից «շարունակում են օկուպացված պահել սահմանի երկայնքով տարածքները»: Անդրադարձ կա նաև նոյեմբերի կեսերին լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելուն Հայաստանի սահմանի արևելյան հատվածում, որի արդյունքում եղան զոհեր:
Արցախի ազատության միավորը 36-ն է:
Արցախը 4 անգամ ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, բայց ուժն է ծնում իրավունք:
Մեր՝ ավելի ժողովրդավար լինելը մեզ չօգնեց պայքարում, որպեսզի աշխարհը մեր կողքին կանգնի»: