25/02/2022 11:00
«Կարող ենք միասին մեղմել կորուստը». «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը
«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։
«Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը և մենք նախանձախնդիր հետևելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։
Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։
Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։
Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։
Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։
Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։
Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։
Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։
Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղացանկային գրաֆիկը։
Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և ստեղծել մշակութային նոր արժեքներ և վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը», - նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Հիմնադրամի նախագահը Հայկոյի եղբայրն է՝ Վահե Հակոբյանը։