25/02/2022 09:43
«Հրապարակ». Ջհանգիրյանն ամեն ինչ անում է՝ այսօրվա ժողովը տապալվի. Նա հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք արեցին՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։
Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն։ Ջհանգիրյանը, որից Նիկոլ Փաշինյանն այնքան էլ գոհ չէ՝ համակարգը կառավարել չկարողանալու պատճառով, հերթական քննությունը պետք է հանձնի, որ շարունակի պաշտոնավարել»։