25/02/2022 22:15
Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շարունակում է աշխատանքը․ առաջին փուլում կընտրվի 20 նախագիծ, երկրորդում՝ 3-ը, ապա արդյունքները կներկայացվեն հանրությանը (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շարունակում է աշխատանքը, ծանոթանում է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների նախագծերին։ Նրանցից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի արձանի իր՝ յուրօրինակ տարբերակն ունի, երբեմն քանդակագործներն ու նկարիչները միանգամից մի քանի նախագիծ են ներկայացնում։
Տարիքային սահմանափակում մրցույթի մասնակիցների համար սահմանված չէ, իրենց ստեղծագործությունների նախագծերն են ներկայացնում ինչպես վաստակավոր քանդակագործներ ու նկարիչներ, այնպես էլ երիտասարդ արվեստագետներ։
Նրանցից է քանդակագործ Հարություն Հարությունյանը, ով Գեղարվեստի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող է։ Նրա աշխատանքը խորհրդանշում է Քրիստոսի երկրային ու երկնային կյանքը։ Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև քանդակագործներ Արթուր Սարգսյանը, Գագիկ Գևորգյանը, ով հանդես է եկել երկու նախագծով, շինարար, հյուսն Դերենիկ Անդրեասյանը, ով 4 նախագիծ է ներկայացրել։
Մասնակիցները նշում են՝ պատասխանատվությամբ են մոտենում նախաձեռնությանը, իրենց ստեղծագործությունները կերտելիս յուրահատուկ զգացողություններ են ունենում, նաև ցանկանում են, որ լավագույնն ընտրվի։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանի գնահատմամբ՝ կան շատ հետաքրքիր, ինքնատիպ ու անսպասելի լուծումներով նախագծեր։
«Այս փուլում վերջնական արդյունք չի գրանցվի, կընտրվի մոտավորապես 20 աշխատանք՝ հաջորդ փուլի համար։ Առաջին փուլի աշխատանքների ավարտից անմիջապես հետո կմեկնարկի մրցույթի հաջորդ փուլը, որից հետո հանձնախումբը կընտրի 3 քանդակ ու կներկայացնի հանրությանը», - ասում է նա։