25/02/2022 20:23
Ռուբլու արժեզրկման պայմաններում պետությունը չպետք է մենակ թողնի հայ տնտեսվարողներին. Թադևոս Ավետիսյան
Այս պահին գնահատականներ տալը դեռ վաղ է, սակայն դատելով հայաստանյան տնտեսության՝ բավական բարձր աստիճանով ռուսական տնտեսությանն ինտեգրված լինելու հանգամանքից՝ ռուբլու արժեզրկման բացասական միտումները մոտավորապես պատկերացնելի են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ հայաստանյան շուկայի ներմուծումների և արտահանումների մոտ մեկ քառորդը բաժին է ընկնում Ռուսաստանին։
«Բացի այդ՝ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված սեզոնային աշխատանքի նպատակով գտնվում է այդ երկրում։ Եվ վերջապես՝ հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների իմաստով Ռուսաստանը հիմնական երկրներից է։ Բնական է, որ ռուսական տնտեսության համար նախանշվող բացասական կանխատեսումները բացասական հետևանքներ կթողնեն նաև Հայաստանի վրա»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների նվազումն ի վերջո կարող է կրճատել նաև ներքին պահանջարկը՝ բացասաբար ազդելով տնտեսական ակտիվության վրա։
«Բացի այդ՝ ռուսական ռուբլու արժեզրկումը թանկացնելու է նաև Հայաստանից արտահանումները դեպի Ռուսաստան։ 2014 թվականին էլ մեր արտահանողները՝ հիմնականում վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներ, դեպի ՌԴ արտահանումների ժամանակ բավականին մեծ դժվարություններ ունեցան»,- նշեց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց՝ ռուբլու արժեզրկման բացասական հետևանքների մասին ամբողջական դատողություններ կարելի է անել, երբ վերջնականապես պարզ լինի՝ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու Ռուսաստանի դեմ, և որքան արագ է կարգավորվելու աշխարհաքաղաքական լարվածությունը։
Վերջում տնտեսագետ-պատգամավորը կարևորեց պետության դերը՝ ստեղծված իրավիճակում հայ տնտեսվարողներին մենակ չթողնելու տեսանկյունից։
«Պետք է իրականացվեն կանխարգելիչ որոշակի միջոցառումներ՝ տնտեսվարողներին հնարավորինս զերծ պահելու ցնցումներից»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.21 դրամ է, վաճառքինը՝ 5.88։