26/02/2022 16:10
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում առաջին տեղում կրկին քթի վիրահատությունն է, կրծքերի մեծացման համար առավել շատ դիմում են արտերկրից
Պլաստիկ վիրաբուժությունն աշխարհում ամեն օր ավելի մեծ թափ է հավաքում. մարդիկ ցանկանում են ավելի հմայիչ տեսք ունենալ և դրա համար ֆինանսական միջոցներ և ժամանակ չեն խնայում։
Գեղեցիկ արտաքին ունենալու մղումն արդիական է մնում նաև Հայաստանում, ուր պլաստիկ վիրաբույժներին դիմելիության մակարդակը շարունակում է բավական բարձր մնալ։
Aysor.am-ի թղթակիցն այս անգամ զրուցել է պլաստիկ վիրաբույժ Քրիստինա Խաչատրյանի հետ։
Մասնագետի խոսքով՝ այսօր էլ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում առաջին տեղում ռինոպլաստիկան է՝ քթի պլաստիկ վիրահատությունը։ Շատերը բժշկական այս միջամտությանը դիմում են զուտ էսթետիկ նպատակներով, մյուսները՝ քթի միջնապատի ծռության հետևանքով դժվարացած շնչառության պատճառով։
«Հիմնականում՝ մոտ 70 տոկոս դեպքերում, ռինոպլաստիկայի համար դիմում են իգական սեռի ներկայացուցիչները։ Բայց այժմ, մի քանի տարի առաջվա համեմատ, բավական բարձր է նաև տղաների դիմելիությունը։ Արական սեռի ներկայացուցիչները հիմնականում պլաստիկ վիրաբույժներին դիմում եմ դժվարացած շնչառության պատճառով, բայց զուգահեռ՝ նաև քթի արտաքին ձևի փոփոխություն են կատարում։
Իհարկե, կան նաև տղամարդիկ, որոնք զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով են դիմում վիրահատության», - ասաց բժիշկը՝ հավելելով, որ Հայաստանում, արտերկրի համեմատ, քթի պլաստիկ վիրահատությունները մոտ 5 անգամ էժան են։ Միջին արժեքը տատանվում է կես միլիոն դրամի սահմաններում։
Քրիստինա Խաչատրյանն ընդգծեց, որ ռինոպլաստիկայի համար իրեն դիմում են 18-60 տարեկան պացիենտներ։
Ըստ պլաստիկ վիրաբույժի՝ քթի վիրահատությունից հետո երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար ականջների և կոպերի պլաստիկ վիրահատություններն են։
Քրիստինա Խաչատրյանը նկատեց, որ հայ կանայք երբեմն դիմում են նաև որովայնի հատվածում ճարպային շերտի կամ ծննդաբերությունից հետո կախված մաշկի հեռացման նպատակով։
«Բայց այս հարցով դիմելիությունը շատ անգամներ ցածր է, քան նախորդ երեք վիրահատությունների դեպքում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է կրծքերի մեծացման պլաստիկ վիրաատություններին, մասնագետի խոսքով՝ այս միջամտության համար առավել շատ դիմում են արտերկրից, որտեղ նման վիրահատությունների գինը մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան գներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։