26/02/2022 09:30
«Հրապարակ». ՔՊ պատգամավորներն հրահանգվել է Ռուսաստանի հասցեին որևէ թթու խոսք չասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հրահանգվել է սադրիչ և կողմնապահ կարծիքներ չհայտնել, հնարավորինս լռել, մինչև վերևներից չհրահանգեն՝ ինչ ասել և ինչպես։ Սակայն այս օրերին բավականին դրամատիկ քննարկումներ են ընթանում իշխող թիմում, ներքին խոսակցություններից մեզ պատմեցին, որ ՔՊ-ում անհույս լավատես են և վստահ, որ շուտով Բայդենը հանգուցալուծելու է պատերազմը՝ հօգուտ Ուկրաինայի։
Եվ ինչպես 44-օրյա պատերազմից հետո էին շունչները պահած սպասում Բայդենի՝ իշխանության գալուն և մեր փրկությունը տեսնում էին ԱՄՆ նախագահի ձեռքում, այնպես էլ այսօր կարծում են, որ ամեն ինչ ԱՄՆ-ն է որոշում։ Սակայն թիմին խիստ զգուշացվել է, որ Ռուսաստանի հասցեին որևէ թթու խոսք չասվի»։