26/02/2022 13:58
Ռուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն. տնտեսագետ
Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքները հայաստանյան տնտեսության վրա շատ արագ չեն դրսևորվի, սակայն ակնհայտ է, որ այդպիսիք անպայման կլինեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ նշելով, որ վերջնական պատկերը հնարավոր կլինի գնահատել առաջիկա ամիսներին, երբ կհրապարակվեն պաշտոնական վիճակագրական տվյալները։
«Մեր հայրենակիցները, որոնք արտագնա աշխատանքի նպատակով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում, որոշ դժվարությունների են բախվում։ Ուղարկված գումարի գնողունակությունը նվազում է, ինչը գնողունակ պահանջարկի պարագայում կարող է լուրջ կրճատումների բերել։ Սա տնտեսական ակտիվության աճին խոչընդոտող գործոն կհանդիսանա», - ասաց տնտեսագետը։
Արմեն Քթոյանի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը կարող է խնդիրներ հարուցել նաև Հայաստանից արտահանումների պարագայում։
«Հայկական ապրանքները ռուսական շուկայում ինքնաբերաբար թանկանում են, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում հայկական ապրանքների իրացման ծավալների որոշակի կրճատում է տեղի ունենում։
Մյուս կողմից ներմուծումն է ընդլայնվելու, որովհետև ռուսական ապրանքները մեր շուկայում կդառնան ավելի էժան, ինչը ռուսական ապրանքների համար հայաստանյան շուկայում մրցակցային պայմաններ կստեղծի։ Դա էլ հանրագումարում կբերի առևտրային հաշվեկշռի պակասուրդի՝ էլ ավելի մեծացման։
Այսինքն՝ այստեղ կարող է բազմավեկտոր ազդեցություն լինել։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան կտևի ռուս-ուկրաինական լարվածությունը։ Եթե շատ արագ հանգուցալուծում լինի, հնարավոր է՝ տնտեսության մեջ խորքային վնասներ չգրանցվեն, եթե երկար տևի, կարող են բազմաթիվ խնդիրներ ի հայտ գալ», - ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.20 դրամ է, վաճառքինը՝ 5.88։