26/02/2022 18:00
«Չի ուշանա նաև Բաքվին հասկացնելու ժամանակը». ռազմական փորձագետը` Խրամորթում ադրբեջանցիների սադրանքի մասին
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչների նկատմամբ ադրբեջանական կողմի սադրանքը հոգեբանական պատերազմի դասական օրինակ է, որն ակնհայտորեն նախապատրաստվել է Բաքվում, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից բարձրախոսով գրական հայերենով արվող այն հայտարարություններին, թե գյուղն «ադրբեջանական տարածք է», տեղի բնակիչները պետք է լքեն այն։
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմից գրական հայերենի և որակյալ ձայնագրության օգտագործումը ցույց է տալիս, որ տեքստը նպատակային պատրաստվել է Բաքվում՝ հատուկ ծառայությունների կողմից, նախապես հաստատվել Ալիևի աշխատակազմում: Ակնհայտ է, որ դա նախապես ծրագրված գործողություն է և կիրառվելու է նաև Արցախի այլ համայնքների խաղաղ բնակչության նկատմամբ:
«Այս ընթացքում ադրբեջանական սադրանքներն, իհարկե, երբեք չեն պակասել, բայց դրանք ավելի ագրեսիվ են դառնում, երբ Ռուսաստանը զբաղված է լինում այլ գործերով: Հիշենք թեկուզ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ադրբեջանական կողմի ակտիվությունը: Հետևաբար, բացի համապատասխան գործողությունների դիմելուց, մեր հասարակությունն առաջին հերթին պետք է պատրաստ լինի այդպիսի տեղեկատվական-հոգեբանական սադրանքներին առավել հանգիստ վերաբերվելուն»,- ասել է ռազմական փորձագետը։
Նա ընդգծել է, որ շատ կարևոր է ռուսական խաղաղապահ զորակազմի կոշտ ու կանխարգելիչ արձագանքը: Ըստ Վլադիմիր Հարությունյանի՝ թեև ադրբեջանական կողմը փորձում է վախ առաջացնել՝ սպառնալով խաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառել, բայց նման արկածախնդրության չի կարող գնալ: Նրանք հասկանում են, որ առերեսվելու են ՊԲ համապատասխան գործողություններին, ինչպես նաև դրանով ուղիղ հարվածելու են Ռուսաստանի շահերին ու հեղինակությանը, իսկ նրանց դա չեն ների:
«Արցախի այն հատվածում, որը գտնվում է մեր վերահսկողության ներքո և ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում, հնարավոր չեմ համարում տարածքային նոր կորուստներ, որքան էլ Բաքուն ձգտի դրան՝ տարբեր միջոցներով: Հատկապես մեր օրերում բոլորս ականատես ենք, թե ինչպես է փոխվում աշխարհը, հաստատվում նոր աշխարհակարգ, ու եթե դա դժվար են հասկանում Բաքվում իշխանական աթոռներին նստածները, ապա, կարծում եմ, չի ուշանա նաև նրանց հասկացնելու ժամանակը»,- ասել է Վլադիմիր Հարությունյանը։