26/02/2022 15:59
«Պետք է ցույց տալ Ադրբեջանի կողմից էթնոսի ոչնչացմանն ուղղված գործողությունները»․ Ստեփանակերտում կայացել է «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» քննարկումը
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսներն էին Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Կովկասագիտության կենտրոնի ղեկավարի խոսքով՝ խորագրի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1918 թվականին արհեստածին Ադրբեջան պետությունը կազմավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հիմքի վրա։
«Այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, դրանից առաջ էլ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպվածը, առաջին հերթին ցեղասպանություն է, որը միջազգային հանրության կողմից ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատականի չի արժանացել:Գնահատական չտալու պատճառով էլ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, որը հիմք է տվել Ադրբեջանին նոր ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Դրա հետևանքին մենք ականատես ենք եղել 2016 թվականի պատերազմի ժամանակ, 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմագործողությունների ընթացքում. առհասարակ, միշտ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում էր հենց քաղաքացիական ենթակառուցվածքները և սոցիալական նշանակության կառույցները»,-նշել է Հովիկ Ավանեսովը:
Նա ընդգծել է նաև՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված Սումգայիթյան ցեղասպանությունն ու մյուս ոճրագործությունները դատապարտված չեն, իսկ մեղավորները չեն կրել իրենց պատիժը, նման հանցագործություններ կրկնվելու են աշխարհի ցանկացած երկրում։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ 1988 թվականից սկսած ` Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները կրել են համակարգային և պարբերական բնույթ:
«1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած կոտորածը ցեղասպանական շղթայի առաջին մասն է, որը շղթայական ռեակցիայով տարածվեց Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքում և նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, և արդեն իսկ անկախության ձեռքբերումից հետո Արցախում սանձազերծվեց ագրեսիվ պատերազմ հայ ժողովրդի նկատմամբ, դրան հաջորդեց Ապրիլյան քառօրյան, իսկ գագաթնակետը եղավ 2020 թվականի պատերազմը: Մեզ համար շատ կարևոր է, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ սրանք հատուկենտ դեպքեր չեն, որոնք կարող են գրանցվել աշխարհի այս կամ այն կետում, այլ Ադրբեջանի կողմից հովանավորվող, կազմակերպվող և իրականացվող համակարգված և պարբերական բնույթ կրող գործողություններ են, որոնք ուղղված են էթնոսի ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով տալիս է հենց «ցեղասպանություն» հասկացության ամբողջական սահմանումը»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:
Նա հավելել է, որ 2020 թվականին տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վերաբերյալ հավաքագրված են ամբողջական փաստեր, որոնք համակարգված ներկայացվել են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կազմակերպություններին, այսօր այդ հարցերը քննվում են նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում: