26/02/2022 20:50
«Ամեն օր տասնյակ նախագծեր ենք տեսնում, բոլորի հիմքում քրիստոնյա հայ ժողովրդի համախմբման գաղափարն է»․ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շարունակում է աշխատանքը
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շարունակում է ուսումնասիրել Փրկչի արձանի բազմաթիվ նախագծերը, որոնք ներկայացնում են նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից։
Հանձնախմբի անդամ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Վարդանյանը նշում է, որ ամեն օր տասնյակ տարբեր նախագծերի են ծանոթանում, տարբեր առաջարկներ լսում․ բոլորին միավորողը քրիստոնյա հայ ժողովրդի համախմբման գաղափարն է։
«Շատ հաճելի է, որ բազմաթիվ մասնակիցներ ունենք մրցույթին, բոլորին ընդունում ենք մեծ սիրով, բոլորի կարծիքը, նորարարությունը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, հաղթելու է լավագույնը»,- ասում է նա։
Հանձնախմբի աշխատանքներին հեռավար ձևաչափով մասնակցում է նաև Արցախի նախագահի խորհրդական, հանձնախմբի անդամ Լուսինե Ղարախանյանը։
Գագիկ Ծառուկյանի հայտարարած նախաձեռնությանն ու մրցույթին իրենց ստեղծագործություններով մասնակցում են նաև արվեստագետներ Արցախից։
ՀՀ և Արցախի նկարիչների միության անդամ, Արցախի զինանշանի հեղինակ, Գանձասարի Հասան-Ջալալյանների տոհմից սերող նկարիչ-քանդակագործ Լավրենտ Ղալայանը իր առաջարկն է ներկայացնում․ նա գծագրել է նաև արձանի պատվանդանը։ Լավրենտ Ղալայանի պատկերացմամբ՝ այն Զվարթնոցի խոյակներով պետք է լինի։
Հանձնախմբին իր նախագիծն է ներկայացրել նաև սիրիահայ նկարիչ Վիգեն Բերթիզյանը, ում կերտած հուշարձաններից երկուսը կանգնեցված են Հալեպում․ մեկը՝ Սուրբ Գևորգ, մյուսը՝ Քառասուն մանկանց եկեղեցում։ Վիգեն Բերթիզյանի նախագծում գերակշռում են հայկական տարրերը։
Հայաստանից քանդակագործ Նաիրի Մարկոսյանը առաջարկում է Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնել Վանաձորում՝ բարձունքի վրա, նկարիչ-քանդակագործ Արմեն Ավետիսյանը պատվանդանի մի քանի տարբերակ ունի, մեկի մոտ նաև Նոյան տապանն է։ Գոռ Վերդյանի առաջակած նախագծով Քրիստոսի արձանի մոտ պետք է «Հայր մեր»-ը գրված լինի՝ 301 լեզվով։
Աշխատանքները բազմազան են, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը դիմել է նաև տարբեր կառույցների՝ խորհրդատվական աջակցության տրամադրման համար։
«Նամակներով դիմել ենք ԿԳՄԱՆ-ին, Ճարտարապետների, Նկարիչների միություններին՝ տրամադրելու առաջատար մասնագետներ՝ խորհրդատվական կարգով հանձնախմբի հետագա աշխատանքներին ընդգրկվելու համար», տեղեկացնում է մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը։
Մրցութային հանձնախումբը ներկայացված բազմաթիվ նախագծերից ընտրելու է լավագույնները և ներկայացնելու է հանրությանը։ Վերջնական ընտրությունը հանրությունն է անելու։