26/02/2022 17:00
Ավելորդ քաշը՝ երեխայի կյանքի որակի վրա ազդող գործոն. ինչպե՞ս օգնել բալիկին
Արագ սննդի, նստակյաց ապրելակերպի հետևանքով աշխարհում արագ տեմպերով ավելանում է ոչ միայն ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող մեծահասակների, այլև երեխաների թիվը։
Համաշխարհային այս միտումը վերջին տարիներին ակտիվորեն նկատվում է նաև Հայաստանում. փողոցում այժմ կարելի է ավելի ու ավելի հաճախ հանդիպել ավելորդ քաշ ունեցող դպրոցահասակ երեխաների և պատանիների։
Խնդրի, դրանից խուսափելու և մարզումների օգնությամբ ավելորդ քաշից ազատվելու մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է «Women Fitness» ֆիթնես կենտրոնի մենեջեր Լիլիթի հետ։
Վերջինս նախ հիշեցրեց, որ երեխաներին մարզվել կարելի է՝ 6-7 տարեկանից սկսած, շաբաթական մինչև 3 անգամ։
«Վերջին շրջանում բակային խաղերը, ակտիվ առօրյան պակասել են, երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում են էկրանների դիմաց, բացի այդ՝ սկսել են ավելի շատ ֆասթ-ֆուդ օգտագործել, ինչն էլ, ի վերջո, բերում է ավելորդ քաշի խնդրի։ Ցավալի է, բայց շատ ծնողներ, զբաղված լինելով իրենց առօրյա խնդիրներով, չեն հետևում սեփական երեխաների սխալ սննդակարգին, իսկ հետո արդեն՝ մարմնի ավելորդ զանգվածին», - նշեց մեր զրուցակիցը։
Լիլիթը նշեց՝ իրենց ֆիթնես կենտրոնում մարզվում են ավելորդ քաշ ունեցող ինչպես տղա, այնպես էլ աղջիկ երեխաներ՝ գրեթե հավասար համամասնությամբ։ Ամենափոքրիկ հաճախորդները 5 տարեկան են։
Երեխաների նիհարելու ընթացքը, ըստ «Women Fitness»-ի մենեջերի՝ պետք է իրականացվի բժշկի վերահսկողությա ներքո, քանի որ էականորեն տարբերվում է մեծահասակների նիհարելու ընթացքից։
Մարզումներին զուգահեռ՝ մեր զրուցակիցը խիստ կարևորեց նաև երեխաների բալանսավորված սննդակարգը՝ նշելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն երկու գործոնների գրագետ համադրմամբ։
«Մեզ մոտ ունեցել ենք դեպքեր, երբ մարզվող երեխան մի քանի ամսվա ընթացքում ընդհուպ 15-20 կգ քաշ է կորցրել։ Լինում է, երբ մեկ ամսում -10 կգ արդյունք ենք ունենում։ Սպորտը, առողջ ապրելակերպը քիչ-քիչ դառնում է այդ երեխաների առօրյայի մի մասը», - ասաց Լիլիթը՝ հավելելով, որ հատուկ ծրագրով մարզվում և նիհարում են անգամ ողնաշարի խնդիրներ ունեցող երեխաները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։