26/02/2022 15:41
Պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա. հանդիպել են Շիրակի մարզպետն ու Վահան Քերոբյանը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։
Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ, կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։