28/02/2022 19:49
ՄՕԿ-ը հրահանգել է ռուս և բելառուս մարզիկներին թույլ չտալ մասնակցել միջազգային մրցաշարերին, չցուցադրել ՌԴ-ի և Բելառուսի դրոշները, չհնչեցնել օրհներգերը
Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտային ֆեդերացիաներին հրահանգել է թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ այդ շրջանակում դիտարկելով նաև Պարօլիմպիական խաղերը։
ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Կոմիտեն կոչ է արել բացառել նաև ռուս և բելառուս պաշտոնյաների ներկայությունը միջազգային մրցաշարերին։
«Այն դեպքերում, երբ նշված երկու երկրների մարզիկների մասնակցության չեղարկումը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամկետներում՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների պատճառով, ՄՕԿ-ը սպորտային ֆեդերացիաներին ու միջազգային մրցաշարերի կազմակերպիչներին հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանից ու Բելառուսից ոչ մի մարզիկ կամ սպորտի բնագավառի ոչ մի պաշտոնյա չկարողանա միջոցառումներին մասնակցել և ներկայացնել իր երկիրը։ Չի թույլատրվում ազգային խորհրդանիշերի՝ դրոշի/դրոշների ցուցադրությունը, հիմնը հնչեցնելը»,- նշված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում ՄՕԿ-ը դիտարկել է նաև Պեկինում մարտի 4-ից 13-ը կայանալիք Պարօլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորել է նաև սպորտային մրցաշարեր չկազմակերպել Ռուսաստանում և Բելառուսում։