28/02/2022 15:45
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին տեղն է գրավել աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում
Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում:
Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով:
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը, ովքեր, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը: