28/02/2022 16:06
Ձեռնարկվում են բոլոր միջոցներն անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ. Արցախի ԱԱԾ-ն բանակցում է ռուս խաղաղապահների հետ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ. այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն։
«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում: Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ, ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմինները առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ:
Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ:
Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար», - ասված է հայտարարությունում։