28/02/2022 19:36
Ռուսական ռուբլու արժեզրկումը հայաստանյան տնտեսության վրա կարող է ունենալ ոչ միայն բացասական, այլ նաև դրական հետևանքներ. տնտեսագետ
Ռուսական ռուբլու արժեզրկումը հայաստանյան տնտեսության վրա կարող է ունենալ ոչ միայն բացասական, այլ նաև դրական հետևանքներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
«Բացասականը, բնականաբար, այն է, որ ռոբլու արժեզրկումն ազդում է հայ արտահանողների վրա։ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները կազմում են մոտ 900 միլիոն դոլար, հետևաբար, արտահանման ծավալների վրա ռուբլու արժեզրկումն անպայման կազդի։ Կարծում եմ՝ այդ ծավալներն էականորեն կնվազեն, որովհետև ոչ բոլոր ընկերությունները կհամաձայնեն փոքր եկամտաբերությամբ շարունակել արտահանումներ կատարել։ Խոսքը վերաբերում է հատկապես թանկ ապրանքատեսակներին՝ կոնյակ, գինի և այլն»,- ասաց տնտեսագետը։
Գագիկ Մակարյանի խոսքով՝ սրա հետ մեկտեղ՝ լավանում է դեպի Հայաստան ներմուծումների վիճակը, քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծման համար ձեռնտու պայմաններ են ձևավորվում։
«Այստեղ, իհարկե, Ուկրաինայից ներմուծումները պետք է փոխարինել ՌԴ-ից ներմուծումներով, որովհետև Ուկրաինայից ներմուծումները կարող են թանկանալ կամ տեխնիկապես դժվարանալ։ Ուկրաինայից ավանդաբար բերվող ապրանքատեսակները՝ թռչնամիս, շոկոլադ, ձեթ և այլն, կարող են բերվել նաև Ռուսաստանից։
Այսինքն՝ դրական կողմն այն է, որ ներմուծումը կարող է էականորեն խթանվել տեղական կարիքների համար, կարող են ավելի էժան ապրանքներ բերվել, որոնք ներկա գնաճի և Ռուսաստանում աշխատանքային միգրանտների՝ հարազատներին քիչ գումարներ ուղարկելու պայմաններում որոշակիորեն կկոմպենսացնեն ժողովրդի եկամուտների նվազումը»,- ասաց տնտեսագետը։
Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ ռուբլու արժեզրկման տևականությունը կախված է երկու գործոնից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ և ՌԴ-ի կառավարության ցանկություն՝ որքանով արագ կայունացնել իրավիճակը։
«Որովհետև հնարավոր է, որ Ռուսաստանն էլ ինչ-որ տեղ շահում կամ կորցնում է՝ հաշվի առնելով այլ երկրների հետ իր արտաքին առևտուրը։ Երբ ռուբլին արժեզրկել են, իրենց համար ևս հնարավորություն է ստեղծվել խթանելու ներմուծումը։ Այսինքն՝ եթե ռուսական տնտեսությունը սկսում է պատժամիջոցների հետևանքով ճնշվել, Ռուսաստանին ձեռնտու է դառնում դրսից հարմար գներով ինչ-որ ապրանքներ բերելը, մինչև իր տնտեսությունը կվերանկանգնվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Մակարյանը չբացառեց, որ ՌԴ կառավարությունը չձգտի միանգամից արժևորել ռուբլին, չնայած դրա հնարավորությունն ունի։
«Ռուսաստանը ստաբիլիզացիոն ֆոնդը ձևավորել է վերջին 7-8 տարիների ընթացքում։ 2014 թվականից սկսած՝ այդ երկիրը բավականին կուտակումներ է կատարել, այդ թիվը հասնում է 630 միլիարդ դոլարի՝ դոլար, ոսկի, փողեր։ Հետևաբար, ռուբլին արժևորելու համար Ռուսաստանը կարող է այդ փողը դնել շրջանառության մեջ, բայց թե որքանով արագ՝ ինքը կորոշի»,- ասաց տնտեսագետը։