01/03/2022 19:00
Հարթաթաթությունը ժամանակին չբուժելու հետևանքները. երբ դիմել բժշկի, ինչ միջամտություններով շտկել
Հարթաթաթությունը ոտնաթաթի երկայնական և լայնական կամարների դեֆորմացիան է, կարող է դրսևորվել համակցված հարթաթաթություն՝ և լայնակի, և երկայնակի։
Հարթաթաթությունը կարող է լինել բնածին, հետտրավմատիկ, ստատիկ (ոչ ճիշտ կոշիկների հետևանքով)։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան Հարությունյանն ասում է՝ բուժման բացակայության, նպաստող գործոնների ազդեցությամբ ոտնաթաթի դեֆորմացիան կարող է զարգանալ. դեֆորմանում են երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մատները, այնուհետև ոտնաթաթի միջին հատվածը, այսինքն՝ լայնակի հարթաթաթությունը կարող է հանգեցնել երկայնակի հարթաթաթության։
Երբ դիմել բժշկի
- Օրթոպեդ-վնասվածքաբանն առաջարկում է պարզ հուշում՝ երբ 36 համարի կոշիկ կրողի ոտքերն այնքան են լայնացել, որ ստիպված է գնել 40 համարի կոշիկ, լուրջ ահազանգ է մասնագետի դիմելու։
- Ցավի, ոտնաթաթի տեսքի փոփոխության (առաջին և հինգերորդ մատի կողքին առաջանում է կոճ, ոտնաթաթի թիկնային մասին նկատվում է ուռուցիկություն) դեպքում պետք է դիմել մասնագետի:
Վաղ տարիքից համապատասխան արտաքին կորեկտորների (սուպինատոր) կրումը կարող է արգելակել դեֆորմացիայի պրոգրեսիան և ազատել վիրահատական միջամտությունից։
Ոտնաթաթի սխալ ծանրաբեռման հետևանքով կարող են առաջանալ խոցեր, այս դեպքերում ոտնաթաթի վիրահատական ուղղումն անխուսափելի է։ Վաղ տարիքից՝ 14-15-ից սկսած երբեմն մինչև 30 տարեկան հնարավոր է բուժել երկայնակի հարթաթաթությունը մինիմալ վիրահատական միջամտությամբ, կանխելով հետագա դեֆորմացիաները։ Տեղադրվում է իմպլանտ, որն ավելի ուշ հեռացվում է։
Եթե կա ոսկրահոդային, կապանաջլային դեֆորմացիա, արտաքին կորեկտորները չեն օգնի, դրանք համարվում են ժամանակավոր լուծում։ Դեֆորմացիայի ուղղման միակ և վերջնական տարբերակը վիրահատությունն է։ Մասնագետն ասում է՝ բժշկին վաղ դիմելը կնվազեցնի վիրահատական միջամտության ծավալը, էսթետիկ տեսքը վերականգնելու հնարավորությունը կմեծանա։
Կոշիկի կրունկի թույլատրելի բարձրություն
Կրունկի մինչև 3 սանիմետրն ընդունված է համարել անհրաժեշտ բարձրություն (նվազեցնում է ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը, թեթևացնում է քայլքը)։
Հարթաթաթությունը ժամանակին չբուժելու հետևանքները՝
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան Հարությունյանն ասում է՝ ոտնաթաթը որպես մարմնի ստորին կետ, ապահովում է մարմնի առանցքը, ոտնաթաթի առանցքի շեղումը հանգեցնում է բոլոր առանցնքերի շեղման։
Լայնակի հարթաթաթության դեպքում կարող է առաջանալ ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիա` հալլուքս-վալգուս (կոճ): Այն կարող է լինել նախատրամադրված (բնածին), ինչպես նաև ձեռքբերովի. կարող է առաջանալ նեղ կոշիկների, բարձրակրունկների, ոտնաթաթի առաջային բաժնի գերծանրաբեռնվածության պատճառով։
Վիրահատությունից հետո կա՞ հավանականություն դեֆորմացիայի կրկնության
Հիվանդը հաճախ հրաժարվում է ոտնաթաթի երրորդ, չորրորդ մատի վիրահատությունից, համաձայնում է միայն առաջին մատի վիրահատական միջամտությանը։ Այնինչ, համալիր դեֆորմացիան պահանջում է համալիր միջամտություն։ Առաջին՝ ոչ լիարժեք վիրահատության պատճառով երկրորդ վիրահատության ծավալը եռակի մեծանում է (ախտահարված են լինում 3-րդ, 4-րդ մատները, փոքրիկ հոդերը)։
Օրթեոպեդ-վնասվածքաբանն ասում է՝ չարժե վախենալ վիրահատությունների բարդ, երկարահունչ անուններից. չմիջամտելը նշանակում է ուղղակիորեն ազդել սեփական կյանքի որակի վատթարացմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։