01/03/2022 18:10
Ո՞ր ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել էնդոկրինոլոգին՝ ժամանակին հայտնաբերելու վահանաձև գեղձի խնդիրները. խորհուրդներ՝ մասնագետից
Վերջին տարիներին Հայաստանում, հատկապես կանանց շրջանում, էնդոկրինոլոգիական խնդիրները բավական հաճախ են հանդիպում՝ սկսած սովորական խպիպներիցից (զոբ՝ խմբ.) մինչև վահանաձև գեղձի չարորակ գոյացություններ։ Ինչպե՞ս կանխարգելել էնդոկրին խնդիրները, ո՞ր ախտանշանների դեպքում դիմել բժշկի։
Թեմայի շուրջ Aysor.am-ին խորհուրդներ է տվել էնդոկրինոլոգ Մարիամ Բաղդասարյանը։
Մասնագետի խոսքով՝ վահանաձև գեղձի խնդիրները կանխարգելելու և նորմայից շեղումները ժամանակին հայտնաբերելու նպատակով կանայք էնդոկրինոլոգին պետք է այցելեն տարեկան 1-2 անգամ՝ հատկապես 30-35 տարեկանից հետո, քանի որ էնդոկրին հիվանդությունները բավական երիտասարդացել են։
«Ինչ վերաբերում է հնարավոր գանգատներին, ապա վահանաձև գեղձի խնդիրների դեպքում դրանք կարող են շատ տարբեր լինել՝ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, մաշկի չորություն, մազաթափություն և այլն։ Այս բոլոր ախտանշանները կարող են վկայել էնդոկրին խնդիրների մասին»,- նշեց բժիշկը։
Մարիամ Բաղդասարյանը նկատեց, որ արական սեռի ներկայացուցիչների մոտ վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի քիչ են հանդիպում՝ չնայած, որ վերջին տարիներին տղամարդիկ ևս հաճախ են բախվում այս խնդրին։ Վերջիններիս խորհուրդ է տրվում էնդոկրինոլոգի պրոֆիլակտիկ այց կատարել տարեկան մեկ անգամ։
Իսկ ահա երեխաներին էնդոկրինոլոգի մոտ, որպես կանոն, ուղեգրում են մանկաբույժները՝ ըստ անհրաժեշտության։
Մասնագետից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման, վիրահատությունների որակը։
Մարիամ Բաղդասարյանը պատասխանեց՝ մեր երկրում բավական որակյալ ծառայություններ են մատուցվում, այդ թվում՝ «Էրեբունի» ԲԿ-ում վերջերս բացված Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնում, ուր ռադիոակտիվ յոդի օգնությամբ բուժում են վահանձև գեղձի ուռուցքային հիվանդությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։