01/03/2022 10:52
Թոշակի վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու. Պատգամավոր
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու», - ասաց Վարդանյանը:
Պատգամավորն առաջարկում է՝ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից, կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:
«ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն», - ասաց Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը:
Նախագիծը չներառվեց ԱԺ նիստերի օրակարգ. կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62: