01/03/2022 11:34
Ընդդիմությունը կրկին առաջարկում է ԱԺ օրակարգ բերել «Շուշիի հռչակագրին» արձագանքելու հայտարարությունը, եթե ոչ՝ կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջակում է ԱԺ օրակարգ բերել իրենց խմբակցության առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալու Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։
«Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը Գլխադասային հանձնաժողովում քաղաքական մեծամասնության կողմից մերժումը անվտանգության միջավայրի, ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատաման, թուրք -ադրբեջանական երկդեմ վարքագծի ու բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է, որն ավելի է խորացնում վտանգի մտավախությունը», - հայտարարեց Օհանյանը:
Նա նշեց, թե Ազգային ժողովը պետք է գնահատական տա հռչակագրին՝ ընդգծելով մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին:
«ԱԺ-ի լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության ու հետագա անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով, որում ասվում է՝ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Թուրք-արդբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում է Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում է թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, ու եթե Հայաստանը որոշի պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի եմ», - ընդգծեց ընդդիմաիդր խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով ՔՊ-ի տեսակետին, թե այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, Օհանյանը նշեց՝ ընդհակառակը, այն ամբողջությամբ ազգային է, պետական աջակցությանն է ուղղված:
«Հայտարարությունը մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից», - ասաց նա:
Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել օրակարգ, հակառակ դեպքում, կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում:
ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հայտարարեց՝ չպետք է սպառնալից տոնով խոսել:
«Մնում է մի հատ էլ հայհոյանք դնենք այս կամ այն քվեարկությունից առաջ կամ հետո: Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել», - ասաց Արշակյանը:
«Շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում», - իր հերթին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյաննը:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, թե հանձնաժողովի նիստին երկար են քննարկել տեքստն ու դեմ են արտահայտվել, որ հայտարարությունն ընդգրկվի ԱԺ օրակարգ:
«ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նման հայտարարությամբ հանդես գալ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր ու անհրաժեշտ օրակարգ է», - ասաց Արսենյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց: