02/03/2022 16:00
Սպառողն ինչի՞ն ուշադրություն դարձնի ապրանքը գնելիս, ինչպե՞ս կարդալ մակնշման պիտակները
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ հնարավոր չէ, որ մարդիկ հանրագիտարաններով մտնեն խանութ՝ հասկանալու ապրանքի մակնշման պիտակում ինչը կարևորել, ինչը ոչ, բայց կան բազային կետեր, որոնց անպայման պետք է ուշադրություն դարձնել։
Պիտանելիության ժամկետ. պիտանելիության կարճ ժամկետ ունեցող ապրանքների դեպքում (օրինակ՝ կաթնամթերք), մարդիկ հակված են գնել նույն օրվա արտադրանք, որը երկու-երեք օրվա ընթացքում կարող են սպառել։
Նույնը չէ, օրինակ, պահածոյի դեպքում. ըստ պիտակի՝ ապրանքը կարելի է պահպանել ևս 10 օր, բայց հնարավոր է, որ մարդ գնի պահածոն և չհասցնի սպառել նշված ժամկետում. կարևոր է գնման պահին ամրագրել պահպանման ժամկետի ավարտը՝ հասկանալու համար՝ գնելու դեպքում կհասցնե՞ք սպառել ապրանքը, թե՞ ոչ։
Պարենի դեպքում խիստ կարևոր է հետևել բաղադրիչներին. արդյոք փոխարինիչներ օգտագործվել են, թե ոչ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կիլոգրամով վաճառվող երշիկի դեպքում սպառողների ավելի քան 95 տոկոսը չգիտի, ի վերջո, ինչ մսից պատրաստված երշիկ է գնել։
Բաբկեն Պիպոյանն ասում է՝ նաև շատ կարևոր է նախապես հասկանալ՝ ինչ ապրանք եք ուզում գնել. հյութերի դեպքում նեկտա՞ր, թե՞ բնական հյութ, եթե կաթնամթերք, ապա ի՞նչ յուղայնության, ըստ այդմ էլ մակնշման պիտակներում փնտրել համապատասխան տեղեկություն։
Պիտակը ճիշտ չկարդալու հետևանքներից է նաև, երբ ահազանգում են, թե շուկայում արդբեջանական ապրանք կա։ Պարզապես ապրանքն արտադրված է Լեհաստանում, բայց նշված է Ադրբեջանի համար, մարդ տեսնում է Ադրբեջան բառը և միանգամից ահազանգում։ Սա չի նշանակում, թե մեր շուկան ապահովագրված է ադրբեջանական ապրանքներից, իրավական արգելքը կա, բայց չի բացառվում, որ կլինեն օրենքը շրջանցողներ։
Հնարավո՞ր է փոխել ժամկետանց ապրանքների պիտակները
Պիպոյանն ասում է՝ չի կարելի պնդել, որ նման բան անում են, բայց բացառել էլ չի կարելի։ Խանութում տեսնում ենք ոչ թարմ ապրանք, որի պահպանման ժամկետը չի լրացել, նման դեպքերում հնարավոր է, որ պիտակը փոխել են, բայց նաև հնարավոր է, որ ջերմային ռեժիմի սխալով է ապրանքը վաղաժամ փչացել։
Մարկետինգային թակարդ
Երբ ապրանքը վաճառվում է 1999 դրամ, սա բիզնես գործիք է, մոլորությունը վտանգավոր չէ, բայց, երբ մեծ զեղչեր են հայտարարվում, 100 դրամ արժեցող ապրանքը դառնում է 180, ապա զեղչվում 50 տոկոս՝ դառնալով 90 դրամ, սա վտանգավոր մոլորություն է. ապրանքն իրականում զեղչվել է 10 տոկոս, այնինչ, նշվել է 50 տոկոսի մասին։
Սպառողներն ինչքանո՞վ են հակված մակնշման պիտակները կարդալ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն ասում է՝ 2011-2013թթ. հարցումներով արձանագրվել է կայուն աճ, մինչև 2016 թ-ն աճի տեմպերը պահպանվում էին, հիմա, վիզուալ դիտարկմամբ, էական անկում չկա, բայց անկում չկա-ն բավարար ցուցանիշ չէ։
Հաջողություն կհամարվի, եթե, օրինակ, հանրության առնվազն 50 տոկոսը պիտանելիության պիտակներին ուշադրություն դարձնի, հաջորդ քայլը պետք է լինի, որ սպառողը կարդա մակնշման պիտակը։
Սպառողների վարքը, գիտակցությունը շատ կարևոր են. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ մարդատար մեքենաներով, համապատասխան նորմերը չպահպանելով, Երևանի բակերում վաճառվում է թռչնամիս և հորդորեց ոչ մի դեպքում չգնել։ Հաճախ շահառուն չի գիտակցում, որ վտանգավոր է նման պայմաններում միս գնելը։ Սպառողը չի ահազանգում, նաև չի էլ հասկանում, որ կարևոր է ամրագրել վաճառող մեքենայի համարանիշը։
Ամբողջ «բեռը» չի կարելի թողնել հանրությանը. պետությունը պետք է մշակի մեթոդաբանություն, մեխանիզմներ՝ պաշտպանելու սպառողների շահերը։ Հանրություն-պետություն գործակցության լավ օրինակ կարելի է համարել ՌԴ-ում պետության հորդորը մասնավորին՝ եթե մարդը խանութում ժամկետանց ապրանք գտնի, իբրև փոխհատուցում ևս երկուսը նվեր կստանա։ Սա հանրության համար հետևողական լինելու մոտիվացիա էր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։