02/03/2022 11:29
2018 թվականի թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ էր հայ հասարակությանը. Վահագն Խաչատուրյան
Իշխանություն-ժողովուրդ փոխառնչությունն արդյունավետ չի լինի, եթե մարդիկ բավարար տեղեկություն չունեն պետության ծրագրերի ու գործողությունների մասին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
Նա նշեց, թե շատ դեպքերում քաղաքացիների մի մասի անտեղյակ լինելու հանգամանքը դառնում է քաղաքական շահարկումների առիթ, որն էլ վարկաբեկում է պետությունը՝ մարդկանց մոտ առաջացնելով հիասթափություններ:
«30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Մենք չենք մոռանա բլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր այսօրվա օրվա», - ասաց Խաչատուրյնաը:
Նա հայտարարեց, թե 2018 թվականի թավշյա հեղափությունն անհրաժեշտ էր հայ հասարակությանը. բոլորը կարիք ունեին արմատական փոփոխությունների:
«Հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, երբ կովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռևս չեն սպիացել, երբ դեռ չեն վերացել նոր բախումների ու պատերազմի հնարավորությունը, երբ Արցախի մեր հայրենակիցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որ մկրտվի մեր նոր Հայաստանը», - նշեց ՀՀ նախագահի թեկնածուն:
Խաչատուրյանն ասաց, թե մեր շրջապատում կան մարդիկ, երազողներ, որոնք այսօր կերտում են ավելի լավ վաղվա օրը:
«Հիմա մենք մեզ շիտակ պետք է հարց տանք ու որոշենք՝ ինչպե՞ս ենք զարգանալու ու պահպանելու մեր յուրահատուկ առաքելությունն այս աշխարհում այլ ազգերի հետ միասին. մեզ հարկավոր են լայն քննարկումներ», - ասաց նա:
«Հայաստանի նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է ու առաջանորդվում է բացառապես համապետական ու համազգային շահերով», -վերջում ՀՀ Սահմանադրությունից մեջբերում արեց Խաչատուրյանն ու հայտարարեց՝ սա ամբողջապես է ներկայացնում ՀՀ նախագահի առաքելությունը: