02/03/2022 19:26
Իրանի դիրքորոշումն է՝ չհարել ռուս-ուկրաինական կոնֆլիկտի որևէ կողմի. Վարդան Ոսկանյան
Aysor.am-ի զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
- Պարոն Ոսկանյան, ի՞նչ դերակատարություն ունի Իրանը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ կամ ունի՞ առհասարակ։
- Իրականում, ավելի ճիշտ կլինի խոսել Իրանի դիրքորոշումների մասին, որովհետև Ուկրաինայում ընթացող զարգացումներում իրանցիները, կարծես թե, ուղղակի դերակատարություն չունեն, իսկ Իրանի պետական-պաշտոնական դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով արտահայտվել է այդ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի կողմից. հայտարարվել է, որ ԱՄՆ-ի մեղքով է, որ Ուկրաինան դարձել է պատերազմական թատերաբեմ։ Բայց սա չի նշանակում, որ Իրանի ներսում այլ տեսակետներ չկան. այնտեղ բավական բազմակարծիք են, և այդ կարծիքները տատանվում են՝ որպես առանցք ունենալով հոգևոր առաջնորդի հայտարարությունը, բայց նաև այն, որ Իրանը չպետք է հարի կոնֆլիկտի որևէ կողմի։
Սա նույնպես իրանական ժամանակակից քաղաքականությանը բնորոշ ուղեգիծ է՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Իրանն ինքը մշտապես եղել է ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշումների և պատժամիջոցների թիրախ։ Այս համատեքստում բնական է, որ իրանցիներն այժմ ինչ-որ առումով երկրորդական նշանակություն են ստացել Միացյալ նահանգների թիրախ լինելու տեսանկյունից։ Այժմ հիմանական թիրախը տեղափոխվել է դեպի Ռուսաստան։
- Պարոն Ոսկանյան, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հնարավո՞ր են արդյոք տարածաշրջանային որոշ վերաձևափոխումներ։
- Կարծում եմ՝ առայժմ վաղ է նման կանխատեսումներ անել, բայց նման զարգացումները բոլորովին բացառելը նույնպես կոպտագույն սխալ կլինի՝ հաշվի առնելով, որ մենք առերեսվել ենք արդեն գոյություն ունեցող նոր աշխարհակարգի հետ։ Փաստացիորեն, ձևավորվել է համաշխարհային բազմաբևեռ համակարգ, և Միացյալ նահանգներն այլևս աշխարհի միակ գերտերությունը չէ։
Հետևաբար, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածաշրջանային գերտերություններն էլ ստացել են մանևրի բավական լայն հնարավորություն։ Խոսքը վերաբերում է այնպիսի խոշոր պետությունների, ինչպիսիք են, դիցուք, Իրանը և ինչու ոչ՝ Թուրքիան։ Իսկ թուրքական դիրքորոշումներն, ակնահայտ է, որ թաքնված հակառուսական են, իսկ երբեմն էլ թաքնված բնույթը ստանում է բացահայտ ձև։
Բայց թուրքական կողմը փորձում է մանևրել և ունենալով ակնհայտ հակառուսական քաղաքականություն՝ փորձում է նաև ստեղծված իրավիճակից որոշակի օգուտներ քաղել։ Մասնավորապես, խոսքը գնում է ՌԴ-ի համար օդային տարածքը բաց պահելու և ռուս զբոսաշրջիկների զգալի հոսքը չդադարեցնելու, այսպիոսով տնտեսական օգուտ ստանալու մասին։
Թուրքական կողմը փորձելու է հերթական տնտեսական օգուտն ստանալ նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցներից։ Դա, մասնավորապես, կարող է դրսևորվել բանկային համակարգում, այլ ոլորտներում։ Թուրքիան, ամեն դեպքում, հնարավորությունը բաց չի թողնելու։
Մյուս կարևոր հանգամանքը, որին արժե անդրադառնալ, Ադրբեջանի դիրքորոշումն է, որն իր ամբողջության մեջ հիմնականում չի տարբերվում թուրքական դիրքորոշումից։ Ադրբեջանում նաև ակնհայտորեն նկատելի է հակառուսական ալիքի առկայություն։ Դա դրսևորվում է բողոքի գործողությունների միջոցով, իսկ Ադրբեջանը բռնապետական պետություն է, և ինքնաբուխ բողոքի գործողություններ այնտեղ տեղի չեն ունենում։ Հետևաբար, այդ գործողությունները ծավալվում են առնվազն Բաքվի բռնապետական վարչախմբի «օրհնությամբ», եթե ոչ՝ կազմակերպմամբ։
Ադրբեջանական սոցիալական ցանցերում և հասարակական տրամադրություններում լայնորեն տարածում է ստացել ծավալապաշտությունը։ Մասավորապես, ախորժակն այնտեղ է հասել, որ տարածվում է «Դերբենդն Ադրբեջան է» կարգախոսը (Դերբենդը, հիշեցնենք, ռուսական հյուսիսկովկասյան քաղաք է)` նմանակելով Բաքվի բռնապետի տխրահռչակ «Արցախն Ադրբեջան է» կարգախոսին։
Հետևաբար պարզ է, որ Ադրբեջանում առկա են հակառուսական տրամադրություններ, և եթե ՌԴ նախագահն Ուկրաինան կոչեց հակառուսաստան, ապա, կարծում եմ, պակաս հակառուսաստան չէ նաև Ադրբեջանը, ուղղակի հաշվի առնելով Բաքվի բռնապետի մանևրի սահմանափակությունը՝ հակառուսական տրամադրությունները հաճախ չեն արտահայտվում պաշտոնական մակարդակով, այլ ուղղորդվում են հասարակական տրամադրությունների ուղեծիր։