02/03/2022 09:58
«Հրապարակ». Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքերի գլխավոր պահանջն է՝ փակել պատմության սև էջերը, չհիշել 2020-ը, առաջ նայել՝ դեպի եղբայրական լուսավոր ապագա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը և չանդրադառնալ երկու ժողովուրդների միջև առկա որևէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմային, այլև ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին և այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։
Մեր աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին և 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։
Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սև էջերը, չհիշել անգամ 2020 թվականը և առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը և խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց»։