02/03/2022 09:47
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն չի ներկայացնում, թե ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի երևույթ է բացահայտել և կանխարգելել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչև օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երևույթներ է բացահայտել և կանխարգելել:
«Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել: Մեր հարցմանն ի պատասխան՝ պատասխանել են, թե «օտարերկրյա ներդրումները խոչընդոտող երևույթները բազմաբնույթ են եղել: «Նշված երևույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են», - ասված է ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մեջ:
Թե 4 տարվա ընթացքում ներդրումների ոլորտում ԱԱԾ-ն կոռուպցիոն ինչ սխեմաներ է բացահայտել, քանի դեպք է ջրի երես հանել, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի բնակիչները, փաստորեն, իմանալ չեն կարող. պետական գաղտնիք է: Իսկ մինչ այդ խոսվում էր «ժողովրդից թաքուն ոչինչ չի լինելու» սկզբունքի անխախտության մասին»։