02/03/2022 17:07
Իրավունք չունենք հապաղելու. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալի ու վարչության պետերի փոփոխությունները:
«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում այդքան մեծ փոփոխությունները շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին», - հետաքրքրվեց պատգամավորը:
Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, թե, եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է՝ որևէ փոփոխություն ընդհանրապես չանեն ու վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, բայց, միևնույն ժամանակ, բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են:
«Ու մենք այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու: Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պիտի վստահել, պիտի հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին, ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից», - հայտարարեց Պապիկյանը:
Նա ասաց, թե ՊՆ-ում բոլոր կադրերն իրենց տեղում են, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտն էլ իրավական բոլոր հիմքերը տալիս է նրան ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ ու հրամաններ:
«Կարծում եմ՝ որևէ վտանգ մենք սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել, ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ ու սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ ու այլ կապերից», - ասաց պաշտպանության նախարարը:
Տիգրան Աբրահամյանն էլ արձագանքեց, թե պատերազմի հետևանքով կան վիրավորված սպաներ, որոնք այս պահին շարունակում են մնալ կադրային ռեզերվում:
Պապիկյանն էլ ասաց, թե արժանի բոլոր մարդիկ կզբաղեցնեն իրենց արժանի տեղը: