02/03/2022 20:37
Աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ քանդակագործներն ու նկարիչներն իրենց նախագծերն են ներկայացրել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը շարունակում է ուսումնասիրել Փրկչի արձանի բազմաթիվ նախագծերը, որոնք ներկայացնում են նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։
Արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ նկարիչների ու քանդակագործների նախագծերին մրցութային հանձնախումբը ծանոթացել է տեսակապի միջոցով։
Շվեդիայում ապրող և ստեղծագործող Արշավիր Քանաքանյանը Քրիստոսի արձան-համալիրի իր նախագիծն է ներկայացրել։ Նրա պատկերացմամբ՝ դեպի արձան պետք է հասնել կարմիրով ներկված 202 աստիճաններով․ կարմիրը խորհրդանշում է խաչելության ժամանակ Քրիստոսի արյունը։
Նկարիչ Դանիել Վարուժան-Հեջիմյանը ԱՄՆ-ից է, նա արձանի 4 տարբերակ է ներկայացրել, երկրորդ և երրորդ տարբերակները խորհրդանշում են Քրիստոսի երկրորդ գալուստը։
Իտալիայում ստեղծագործող Վիգեն Ավետիսը Փրկչի արձանը պատկերացնում է Սուրբ հոգու հետ, քանի որ մինչև այսօր Քրիստոսը հավատավորների հետ խոսում է Սուրբ հոգու միջոցով;
Իտալիայից է նաև Ապոլլոն Ավագյանը, ով իր նախագծում որպես խորհրդանիշ է ծառայեցրել ծառը։ Քանդակագործն իր էսքիզում պատկերել է Քրիստոսի հարությունը։
Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև քանդակագործ Հրայր Ավետյանը՝ Լատվիայից, Նարեկ Կնյազյանը՝ Սանկտ-Պետերբուրգից, բժիշկ Հայրապետ Սեդրակյանը՝ Մոսկվայից։
Մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ արտերկրից մասնակիցները շատ են, բուռն է նաև քննարկումը։
Հանձնախմբի աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի, կառանձնացվեն Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի լավագույն տարբերակները, ապա դրանք կդրվեն հանրային լայն քննարկման։
Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ։