02/03/2022 17:27
226-230 մլն դոլար, մինչև 36 ամիս. կկրկնապատկվեն հոսքերը, նվազագույնը 5 տոկոս եկամտաբերություն. մանրամասներ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծից (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներից մեկում խոսել էր ենթակառուցվածքային ծրագրերի արդեն համաձայնեցված Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի տնտեսական հիմնավորվածության մասին, տրանզիտից ակնկալվող եկամուտների մասին:
Պատգամավորը խնդրեց տեղեկացնել, թե 20 տարվա կտրվածքով որքան է կազմում ներդրումների ծախսածածկման ժամկետը, սպասվող եկամտաբերությունը, սպասվող հարկային մուտքերը, սպասվող ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները` ներառյալ տրանզիտային հոսքերը, շինարարության արժեքը:
«Կառավարությունը, փաստորեն, 226 միլիոն դոլարանոց ծրագիր է հաստատել՝ առանց ծրագրի եկամտաբերության մոտավոր հաշվարկի», - ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա ու նոր պետք է իրականացվեն խորացված hաշվարկներ:
«Որպեսզի մենք հասկանանք ներդրումների ծավալը, նախևառաջ, պետք է ունենանք վերջնական նախագիծն իր բոլոր դետալներով: Այսօր, այդ թվում օտարերկրյա փորձագետների հաշվարկով, այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի ու տևողությունը կլինի մինչև 36 ամիս: Միայն բեռնափոխադրումների մասով 3 միլիոնի միջին չափ ունենք՝ առանց ապաշրջափակման, որից 2-ը ներքին բեռնափոխադրումներն են: Եթե մենք այսօր տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ ու եթե հաշվենք, որ ապաշարջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն հոսքերը, մենք գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության, որը վատ չէ», - ասաց ՀՀ փոխվարչապետը:
Նա ասաց, թե սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ ու իրականացնել ավելի խորացված հաշվարկներ ու նախագիծ, որի արդյունքում թվերը կճշգրտվեն:
Փոխվարչապետի խոսքով՝ նախագծի Հյուսիս-հարավ ուղղությունը լուրջ պոտենցիալ ունի ու դա ակնհայտ է նույնիսկ աշխարհագրական իմաստով: