02/03/2022 09:39
«Ժողովուրդ». Վերաքննիչ դատարանի նոր նախագահը հրահանգել է աշխատակազմին Ռշտունու գրասենյակի պետի հետ չշփվել, չաշխատել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ իրադարձություններ են կատարվում։
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը ստիպել է Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ազատման դիմում գրել ու գնալ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանը աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Աննա Աղայանին աշխատանքից հանելուց հետո են սկսվում Ռշտունու նկատմամբ հետապնդումները:
Այսքանով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ դեպքերը չեն դադարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտը դատարանում այնքան լարված է, որ դատավորներից շատերը և աշխատակազմն անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին բարև չեն տալիս: Այս իրավիճակների շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա։
«Բացառված է, այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է», - նշեց նա: Անդրադառնալով իրեն չբարևելու հարցին՝ նա ասաց. «Չկա նման բան, նորմալ հարաբերություններ են, հիմա էլ ասում են, թե չեն բարևում, ա՜յ քեզ բան»», - գրել է թերթը: