03/03/2022 15:18
Կենտրոնական բանկն իր վերահսկողական բոլոր գործառույթներն իրականացնում է, որ սպառողների շահերրը պաշտպանված լինեն. Լևոն Սահակյան
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուի հարցը. այս պաշտոնում առաջադրվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայարարարեց, թե այսօր կան վերավարկավորող վարկային կազմակերպություններ, որոնք վարկեր են տրամադրում քաղաքացիներին՝ առանց հաշվի առնելու նրանց վարկային պատմությունը:
«Գաղտնիք չէ, որ նման վարկերից օգտվում են մարդիկ, որոնք հետագայում այդ վարկերը օգտագործում են որպես խաղադրույքներ, ու մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ վարկային կազմակերպությունները, ոնց որ թե, սպասարկում են այնպիսի կազմակերպությունների, որոնք զբաղվում են խաղերի կազմակերպմամբ», - ասաց նա:
Պատգամավորը ԿԲ խորհրդի անդամի թեկնածուից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերելու նման վարկային կազմակերպությունների նկատմամբ:
Լևոն Սահակյանն ասաց, որ ԿԲ-ի վերահսկողության ներքո են վարկային կազմակերպությունները:
«Եթե նայենք, որ համաշխարհային ֆինանսական տեխնոլոգիաները զարգանում են ու ավանդական բանկինգը առաջիկայում իր տեղը պետք է զիջի օնլայն բանկինգին, ապա, այս տեսանկյունից, կարծում եմ՝ Հայաստանը զերծ պահել ֆինանսական տեխնոլոգիաների առաջընթացից կամ դրա ներդրումից, այդքան էլ արդարացված դիրքորոշում չէր լինի, սակայն հարցը լրիվ այլ տիրույթում է, երբ քննարկում ենք, որ նման տեխնոլոգիաները կարող են պարունակել խարդախության ռիսկեր: Կենտրոնական բանկը իր վերահսկողական բոլոր գործառույթներն իրականացնում է, որ սպառողների շահերը պաշտպանված լինեն, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջությամբ հրաժարվելը այնքան էլ ճիշտ մոտեցում չէ», - ասաց նա:
ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի խոսքով՝ շատ կարևոր է հանրության մեջ ֆինանսական գրագիտության բարձրացումը. դա այն գործիքն է, որը լավագույնս կպաշտպանի սպառողին: