04/03/2022 19:00
Մեր օրերում կինը գոնե 7-10 օրը մեկ ցանկալի է՝ այցելի բժիշկ-կոսմետոլոգի. որոշ պրոցեդուրաներ սկսվում են 3-4 հազար դրամից. մասնագետ
Շուտով գարուն է, իսկ դա նշանակում է, որ իրեն գնահատող յուրաքանչյուր կին, ձմռան հարաբերական դադարից հետո, պետք է կրկին հետևողականորեն զբաղվի իր մաշկի խնամքով։ Տանը պատրաստված դիմակներից մինչև բժիշկ-կոսմետոլոգի այցեր. ահա այն, ինչ մասնագետների պնդմամբ՝ պետք է անեն իգական սեռի ներկայացուցիչները՝ ունենալու առողջ և շողացող մաշկ։
Բժիշկ-կոսմետոլոգ Մարինե Օհանյանի խոսքով՝ ժամանակակից կոսմետոլոգին բավական հնարավորություններ է ընձեռում ամենատարբեր միջոցների կիրառմամբ հասնել իդեալական մաշկ ունենալու երազանքին։
«Եթե նախկինում խոսում էինք միայն դիմակների և արևապաշտպան կրեմների մասին, ապա այսօր արդեն խոսում ենք մաշկի խնամքի ավելի մեծաթիվ պրոցեդուրաների մասին։ Սակայն ցավալի է, որ շատ հայ կանայք դեռ դուրս չեն գալիս կարծրատիպերից՝ մտածելով, որ տանը քսուկներ օգտագործելով ՝ լուծում են ժամանակի հետ ի հայտ եկող մաշկային խնդիրները», - Aysor.am-ի հետ զրուցում ասաց բժիշկը։
Մարինե Օհանյանը նշեց, որ ձմռան ամիսներին իրենք կանանց առաջարկում են կիրառել տարատեսակ պիլինգներ, դեմքի մեզոթերապիա, որը բարձրացնում է մաշկի էլաստիկությունը և հեռացնում է պիգմենտացիան, ինչպես նաև բիոռեվիտալիզացիա, որը ներարկումային պրոցեդուրա է, և իրենից ներկայացնում է հիալուրոնաթթվի ներարկում բուն մաշկի մեջ՝ խորը խոնավացման նպատակով։
«Առաջարկում ենք նաև պլազմոթերապիաներ։ Սրանք բոլոր թարմացնող պրոցեդուրաներ են. պիլինգներն աշխատում են մաշկի վերին շերտի վրա, իսկ մեզոթերապիան և բիոռեվիտալիզացիան՝ մաշկի խորքային շերտերում։ Որոշ պրոցեդուրաներ կանանց խորհուրդ ենք տալիս նաև ծովափ մեկնելուց առաջ», - ասաց բժիշկը։
Մարինե Օհանյանը նկատեց, որ եթե նախկինում բժիշկ-կոսմետոլոգներն իգական սեռի ներկայացուցիչներին խորհուրդ էին տալիս մաշկի ծերացումը կանխարգելելու համար մասնագետին այցելել 30-35 տարեկանից հետո, ապա այժմ, մի շարք գործոններով պայմանավորված (համակարգչի դիմաց, ծխախոտի ծխով հագեցած սենյակում երկար նստել, սխալ սննդակարգով սնվել և այլն ), այդ շեմն իջել է 27-28 տարեկանի։
«Եվ, իհարկե, չմոռանանք սթրեսի մասին։ Վախերը, լարվածությունը և վատ լուրերի սպասելն ազդում են մաշկի որակի վրա։ Այդ է պատճառը, որ մեր օրերում կինը գոնե 7-10 օրը մեկ ցանկալի է՝ այցելի բժիշկ-կոսմետոլոգի։ Այդ այցերի ընթացքում մասնագետը խորհրդատվություն կներկայացնի, թե որքան է կոնկրետ տվյալ անձի մաշկի ճարպարտադրությունը, որոնք են տվյալ մաշկի պահանջները և այլն», - ասաց մասնագետը՝ նշելով, որ մաշկի խնամքի որոշ պրոցեդուրաներ սկսում են 3-4 հազար դրամից և, հասանելի են միջին վիճակագրական հայ կնոջ համար։
Վերջում բժիշ-կոսմետոլոգը նշեց, որ իրենց ռաջարկած ծառայություններից օգտվելու համար դիմում են նաև տղամարդիկ, սակայն նախկինի համեմատ՝ այժմ ավելի քիչ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։