04/03/2022 17:00
Ի՞նչ պետք է ուտել գարնանը՝ օրգանիզմի ուժերը վերականգնելու համար․ ոչ թանկ և օգտակար մենյու՝ սննդաբաններից
Երկար ու հոգնատանջ ձմեռվանից հետո օրգանիզմի ուժերը պետք է վերականգնել, լիցքավորվել նոր էներգիայով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է անցնել «գարնանային մենյու»-ի՝ հարուստ վիտամիններով ու սննդարար նյութերով։ Հատկապես գարնանը մարդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր սննդակարգին։
Ի՞նչ են առաջարկում սննդաբանները․ առաջին հերթին՝ վիտամին С-ով հարուստ միրգ ու բանջարեղեն։ Նարինջ, գրեյպֆրուտ, կիտրոն օգտագործում ենք նաև ձմռանը։ Գարնանը ևս դրանց մասին պետք չէ մոռանալ։ Գաղտնիք չէ, ոչ ցիտրուսները հարուստ են օրգանիզմի համար շատ մեծ նշանակություն ունեցող վիտամին С-ով, որն, իր այլ առավելություններից բացի, ամրապնդում է իմունիտետը, պաշտպանում վիրուսներից։ Բացի այդ, ցիտրուսները պեկտին են պարունակում, այն նպաստում է, որպեսզի օրգանիզմն ազատվի վնասակար նյութերից՝ տոկսիններից։
Կաթնամթերք չսիրել «չի կարելի»։ Կաթնամթերքը ոչ միայն օգնում է կարգավորել աղիքների միկրոֆլորան, այլև իր մեջ պարունակվող վիտամին A-ի շնորհիվ պաշտպանում է մարդու թոքերը, իսկ դա կարևոր է հատկապես համավարակի այս շրջանում։ Բացի այդ, կաթնամթերքը կալցիումի հարուստ աղբյուր է, իսկ կալցիումը նպաստում է ոսկորների ամրությանը։
Լոբազգիները հարուստ են սպիտակուցով և այլ օգտակար նյութերով․ սիսեռը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, երիտասարդացնում է օրգանիզմը, կանաչ լոբին մագնեզիում և B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար։
Կաղամբը նույնպես հարուստ է վիտամին С-ով․ այն պետք է ուտել ինչպես հում, այնպես էլ թթու դրած վիճակում, սակայն թթու կաղամբը մատուցելուց առաջ պետք չէ լվանալ աղաջրից, այլապես այն կկորցնի իր օգտակար հատկությունները։ Բացի այդ, կաղամբը նաև բջջանյութ է պարունակում, որը կարգավորում է մարսողությունը։
Բողկը նույնպես վիտամին С և B խմբի վիտամիններ է պարունակում, նաև երկաթ ու կալիում։ Կարմիր բողկի մեջ ասկորբինաթթուն ավելի շատ է։ Բացի այդ, բողկը հարուստ է ֆիտոնցիդ նյութերով, որոնք գարնանն օգնում են խուսափել մրսածությունից՝ հարբուխից, շնչառական այլ վիրուսներից։
Կանաչեղենը՝ կանաչու բոլոր տեսակները, հարուստ են քլորոֆիլով, հակաօքսիդանտներով, վիտամիններով ու միկրոտարրերով։ Գարնանը հարկավոր է մեծ քանակով կանաչեղեն օգտագործել՝ եփած, հում, աղցանների, տարբեր ճաշատեսակների մեջ։
Վաղ գարնանը համեղ ու սննդարար լոլիկ գտնելը մի փոքր բարդ է, սակայն պետք է իմանալ, որ պոմիդորը օգտակար է հատկապես այդ սեզոնին։ Այն հարուստ է հակաբորբոքային նյութերով, ամրացնում է նյարդային համակարգը, օգնում է վերականգնել ուժերը, հաղթահարել գերհոգնածությունը։
Օմեգա-3 ճարպաթթուի հիմնական ու հարուստ աղբյուր է ձուկը։ Հատկապես գարնանը սննդաբանները խորհուրդ են տալիս ձուկ ուտել՝ վերականգնելու համար ուժերը, ամրացնելու համար ոսկրերն ու ատամները։ Ձուկը նաև վիտամին D-ի հարուստ աղբյուր է, օգնում է օրգանիզմում կալիցումի կլանմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։