04/03/2022 20:09
Արցախի խորհրդարանական հանձնաժողովում քննարկել են պետական ԲՈՒՀ-երում ռազմական ամբիոններ հիմնելու առաջարկ ներառող օրենսդրական փաթեթը
Մարտի 4-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։
Օրակարգում ընդգրկված էր ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանը։
Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնել ռազմական ամբիոններ։
Վերջիններիս գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը։
Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։
Օրինափաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։