04/03/2022 12:53
Հայաստանում մինչև 44-օրյա պատերազմը տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ
Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, նախագծի հեղինակն էլ նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով:
«Ձեր հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով կարող եմ ասել, որ տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով։ Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել», - նշեց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորի խոսքով՝ թվերը իր մոտ առկա են, իսկ պաշտպանության նախարարության հարցումների պատասխաններն էլ գտնվում են Ազգային ժողովի գաղտնի բաժնում։
«Իրականում սա լուրջ խնդիր է հանդիսանում ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից», - նշեց ՔՊ ներկայացուցիչը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ հայտարարեց, թե ցանկալի չէ նման թվեր հնչեցնել, սակայն նա չհերքեց Հայկ Սարգսյանի հնչեցրած թիվը։