04/03/2022 09:44
«Ժողովուրդ». Դատավորը դատի տվել նախարար Կարեն Անդրեասյանին. Նախարարի և դատավորների միջև վեճերը թեժացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում արշալույսները կրկին խաղաղ չեն: Դատավորների և ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջև վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Դատավորը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարին 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը չեղյալ համարել: Խոսքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին է:
Նշենք, որ նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, և դրա հիմք է եղել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խալաթյանի զեկուցագիրը: Ի դեպ, դատարանն էլ մերժել է դատավորի հայցն ընդդեմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինչն էլ անսպասելի չէ»։