04/03/2022 09:48
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը լինելու է կողմնակալ նախագահ ՔՊ-ականների սրտով, նա ևս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ՝ առանց ընդդիմության, և թերևս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը:
Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն են, որ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի պարագայում դա տեղի ունեցավ երկրորդ անգամ ընտրվելուց հետո: Առաջին անգամ նա պաշտոնավարել է 1991-1996 թվականներին, ապա վերընտրվելով՝ պաշտոնավարել է միայն երկու տարի՝ հրաժարական տալով 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը ևս երկու շրջան է պաշտոնավարել՝ 1998-2003 և 2003-ից 2008 թվական: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ չնայած պաշտոնավարեց տասը տարի, սակայն արդեն վարչապետի պաշտոնում նա պաշտոնավարեց ընդամենը մեկ շաբաթ:
Պաշտոնավարման հինգ տարին լրանալու ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ էլ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել դեռ 2018 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք՝ մինչև հեղափոխությունը: Եվ, ահա, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը մեկ ամիս եղավ նախագահի պաշտոնակատար, ՀՀ հինգերորդ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Իհարկե, գաղտնիք չէ, որ նա լինելու է կողմնակալ նախագահ, այսպես ասած, ՔՊ-ականների սրտով, սակայն թերևս նա ևս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով և նախագահի պաշտոնում կաշխատի ժամանակավոր»։