04/03/2022 16:10
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն Արցախում է
Մարտի 4-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը:
Հայաստանի օմբուդսմենին նախ ընդունել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նա շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 հայկական հանրապետությունների միջև փոխգործակցության հետ կապված հարցեր: Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ շուրջօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ու հավաստիացրել է, որ դիտարկումների, խախտումների արձանագրման, միջազգային ատյաններում արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի են սերտացնելու կապերը:
Հանդիպմանը ներկա Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է գործող ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորել են պատերազմի ընթացքում արցախյան փորձը ու ՄԻՊ գրասենյակի ակտիվացման անհրաժեշտությունը ետպատերազմյան իրողություններում:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների ու գլխադասային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:
Խորհրդարանականներն ընդգծել են այն հանգամանքը, որ Հայաստանի նոր օմբուդսմենն իր առաջին այցը կատարել է հենց Արցախ: Նրանք բարձրացրել են մարդու իրավունքներին առնչվող հրատապ հարցեր: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարտակերտի շրջանում տարածքային ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության մասին է խոսել: Քրիստինե Գրիգորյանն էլ Արցախում համատեղ համաժողով հրավիրելու մտադրության մասին է բարձրաձայնել:
Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Հայաստանի ՄԻՊ գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են իրենց փորձն ու կարևոր այս ճակատում Արցախի իրենց գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: